ԱշխարհՄամուլ

Անկարայի նյարդային արձագանքը. Թուրքիայից սպառնալիքներ են հնչում ԱՄՆ Սենատի հասցեին

Անկարայի նյարդային արձագանքը. ԱՄՆ Սենատի որոշումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների ապագային։

Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման` Սենատի ընդունած բանաձևը։ Համապատասխան գրառումը նա արել է Twitter–ի իր էջում:

Նրա խոսքով` բանաձևը պատմության մեջ կմտնի «որպես` Թուրքիայի դեմ ԱՄՆ կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ գործողությունների արդյունք»։ Թուրք չինովնիկը սպառնացել է, որ տխրահռչակ «անպատասխանատու» սենատորները պատասխանատվություն կկրեն 2 երկրների հարաբերություններին երկարատև վնաս հասցնելու համար։

Վերջում Ալթունն ասել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքները Թուրքիային չեն խանգարի պաշտպանել իր ազգային անվտանգության շահերը։

Թուրքիայի ԱԳՆ–ն ևս դատապարտել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։

«ԱՄՆ Սենատի կողմից այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» բանաձևի ընդունումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ է», – գրված է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Սենատի որոշումը «կործանիչ փորձ է` ուղղված թուրք–ամերիկյան հարաբերությունների զարգացման տապալմանը»։

«Սակայն նրանք, ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակների համար, միևնույն ժամանակ անտեսելով փաստերը, երբեք ուզածին չեն հասնի», – նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Թուրքիայում կարծում են, որ բանաձևը «որևէ պատմական և իրավական հիմքեր», ինչպես նաև իրավաբանական ուժ չունի։

Նշվում է, որ նման «անարդար և չհիմնավորված քայլերը չեն ազդի տարածաշրջանում կենսական շահերի համար Թուրքիայի պայքարը շարունակելու վճռականության վրա»։

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատն երեկ` դեկտեմբերի 12–ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով