Մամուլ

Այս բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Այս բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունումը։

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։

Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական եւ հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը եւ ոգեւորությունը։ Այլեւս երբեք», – նշել է վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը գրառում է արել նաևՖեյսբուքի իր էջում՝ նշելով. «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս բանաձևը հզոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում:

Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:

Կիսվեք էջում