Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է

Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է։ Անցած տարի այս օրը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է իր Մուրիեսում գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

2018 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Շառլ Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ» ,-ասել է Մակրոնը։

Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց կանայք և Ամենայն հայոց կաթողիկոսը։

Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում։