Այսօր Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 88 տարեկան:

Դեմիրճյանը ժողովրդի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող պետական գործիչ էր, ում բացակայությունը իր ազդեցությունը ունեցավ Հայաստանի հետագա զարգացման, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի վրա:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին ապրիլի 17-ին։ Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–88 թթ.) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, և այլն:

Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում:

Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 մլն. և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում: Այդ չափանիշով Երևանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի: Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ:

Եվ այդ փաստարկները գտնվեցին․ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը` խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները և այլն: 

Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման: Նա կոտրում է միջազգային պրակտիկայում ընդունված կարծրատիպը, ապացուցելով, որ Երևանում ստորգետնյա տրանսպորտի կարիքն ավելի շատ է և կառուցումը անհրաժեշտ, քան 1 մլն և ավելի ազգաբնակչություն ունեցող քաղաքներում:

Այդպիսի դժվարությամբ ձեռք բերվեց Մոսկվայի համաձայնությունը, և 1977 թվականի հոկտեմբերի 6-ին հրապարակվեց ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն կառավարության որոշումը Երևանի մետրոպոլիտենի շինարարության մասին։

Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացքում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։