«Այսպիսի Վրաստանում ես ապրել չեմ ուզում»․ Վախթանգ Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը

Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը, եթե երկրում շարունակեն իշխել ռուսամետ տրամադրությունները:

Կիկաբիձեի խոսքերով՝ Վրաստանը դեռ գտնվում է Ռուսաստանի հանդեպ «ռազմական ռեժիմում», սակայն վրացիների զգալի մասի մոտ գերիշխում են ռուսամետ տրամադրությունները, ինչը, դերասանի կարծիքով, ազգի դավաճանության նման մի բան է:

«Եթե Վրաստանում այսպես շարունակվի, շատերը կհեռանան: Ես էլ կհեռանամ: Այսպիսի Վրաստանում ես ապրել չեմ ուզում: Եթե Վրաստանը ցանկանար լինել Ռուսաստանի հետ, ապա դա վաղուց արդեն տեղի ունեցած կլիներ: Պետք է կամ ազատ ու անկախ լինել, կամ ճորտ»,- նշել է Կիկաբիձեն:

Վերջերս դերասանը խոստովանել էր, որ ատում է Խորհրդային միության բոլոր խորհրդանիշները, նաև պատմել էր, որ ժամանակին ԽՍՀՄ փլուզման առիթով մեծ խնջույք էր կազմակերպել:

Աղբյուրը՝ Shant News