Ամանորյա պայթուցիկների հետևանքով երեխան կորցրել է աջ դաստակի առաջին և երկրորդ մատները

Ամանորյա պայթուցիկների հետևանքով երեխան կորցրել է աջ դաստակի առաջին և երկրորդ մատները։

Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ, նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին՝ երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը և կից լուսանկարներ տեղադրել։

Օրերս հերթական դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: Տեղափոխվելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, երեխան վիրահատվել է՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել:

Ամանորյա պայթուցիկ

«Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները, երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, հողի մեջ են դնում, հետո նոր կիրառում են»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը:

Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: