Ալլահշուքյուր Փաշազադե. Հայերը մեր գլխին անեծք են դարձել

Ադրբեջանի հերթական ներկայացուցիչը հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարությամբ։

Այս անգամ «առանձնացել» է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Մեղադրելով հայերին բոլոր հնարավոր մեղքերի մեջ` այս անգամ նա հայտարարել է, որ 200 տարվա հարևանության ընթացքում հայերի ետևում անջատողական ուժեր են կանգնած եղել։ Թե ում է նկատի ունեցել, դժվար է գլխի ընկնել։ «Հայերը մեր գլխին անեծք  են դարձել»,–միջոցառման ժամանակ հայտարարել է նա։

Ավարտելով «հայերի անեծք» լինելու թեման՝ Փաշազադեն անցել է պաշտպանության։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ նախագահն իրենց հետ խոսել է անշարժ գույքի թեմայով։ «Այդ ամենը սադրանք է։ Առաջին հերթին, դուք պետք է ուրախ լինեք, որ ձեր շեյխն ուժեղ է։ Երկրորդ, արտասահմանում առանց այդ էլ ուրանում են կրոնը։ Ի՞նչի կհասնեք դուք՝ շարունակելով դա անել։ Այս կեղտոտ արշավն իրականացվում է  մեր նախագահի դեմ։ Երկրում որոշ մարդիկ ասում են, թե չեն հավատում այն ամենին, ինչ ասվում է նախագահի դեմ, բայց շեյխի դեմ ասվածը ճիշտ է։ Դա ինչպե՞ս կարող է լինել։ Սա նշանակում է, որ դուք համաձայնություն եք տալիս սադրանքին։ Ասում են, որ ես վերահսկում եմ նվիրատվությունների արկղը և այլն։ Այդ ամենը սուտ է։ Ի՞նչ կապ ունեմ ես դրանց հետ»,–նրա խոսքը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը։

Minval.az–ի փոխանցմամբ՝ մարտի սկզբներին բլոգեր Թուրալ Սադիղլին հայտարարել էր, որ Չեխիայի Կարլովի Վերի հանգստավայրում նկատել է բնակելի շենքերի համալիր, որը պատկանում է է Կովկասի մահմեդականների վարչության նախագահին և նրա եղբորը՝ խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեին։

Որպես ապացույց բլոգերը ցույց է տվել մուտքի վերելակի կոճակի մոտ անգլերենով «Ալլահշուքյուր Փաշազադեն» նշումը:

Նյութի աղբյուրը՝ news.am

Կիսվիր ընկերներիդ հետ