Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

Fip.am-ը հայտնում է․ Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։

Փաստաթուղթը համապատասխան գրառումով տարածել է տելեգրամյան Mediaport ալիքը, որը պարբերաբար աչքի է ընկնում իրականությանը չհամապատասխանող և կեղծ լուրերի տարածմամբ։ Ըստ ալիքի՝ փաստաթուղթն Աննա Հակոբյանին է փոխանցվել հունվարի 15-ին Մոսկվայում։

«Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գրանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում»,- նշված է գրառման մեջ։

Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը, հայտնելով այս մասին, գրում է, որ «Սենսացիոն փաստաթուղթը» կից գրառման հետ տարածել են Politik.am-ը, Antifake.am-ը, Panorama.am-ը, 7or.am-ը, iravunk.com-ը և այլ լրատվականներ։ 

Սակայն փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը գազի վճարման անդորրագիր է։ Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։

Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը և այլն։

Այսպիսով, տելեգրամյան ալիքն ու լրատվականները հերթական կեղծ լուրն են տարածում, քանի որ գազի վճարման անդորրագիրը, չի կարող լինել սեփականության փոխանցման փաստաթուղթ։