Ալեն Սիմոնյանն ու անվտանգության ծառայության պետը առաջիկա օրերին կներկայանան դատարան

Ալեն Սիմոնյանն ու անվտանգության ծառայության պետը առաջիկա օրերին կներկայանան դատարան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկա օրերին կհրավիրվի դատարան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով խորհրդարանում դեռևս 2021թ–ի օգոստոսին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քննության ընթացքը։

«Մենք պահանջել ենք, որ դատարան հրավիրվեն Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև անվտանգության ծառայության պետը, և դատարանը բավարարել է մեր պահանջը։

Առաջիկայում նաև նշանակված է այս հարցով դատական նիստը։ Այնպես չէ, որ մենք հետևողական չենք»,– ասաց Մինասյանը` 4 ամիս առաջ տեղի ունեցած դեպքը համեմատելով դեկտեմբերի 7-ին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների օգնականների ու իշխանամետ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

«Դրան գումարած` ես նաև հաղորդում եմ ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի, Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ։ Ես կոնկրետ չեմ նահանջում ու համարում եմ, որ իրավական պատասխանատվությունը պետք է վրա հասնի։

Վաղ թե ուշ դա վրա է հասնելու, ու այս մարդիկ պատասխան տալու են, ինչքան էլ փորձեն հանրության ուշադրությունը շեղել»,– ասաց Մինասյանը։