ԱԱԾ-ն կանխել է թմրամիջոցի խոշոր մաքսանենգության դեպք (Տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հե­տախուզական միջոցա­ռումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ: Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են: