ՍԴ-ն Քոչարյանի քրեական հետապանդմանը վերաբերող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
ՍԴ-ն Քոչարյանի քրեական հետապանդմանը վերաբերող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական ։
ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասի` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը, որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին և 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածներին հակասող և անվավեր։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ–րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիք։
Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից. որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։
Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Վերաքննիչի որոշմամբ Քոչարյանի և մյուսների գործը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։