Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Tesla»-ի վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, եղել է ոչ սթափ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։