Խոշոր ավտովթար Երևանում. «Subaru»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. 3 վիրավոր
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդ Հայկ Հ.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Սարգիս Մ.-ն և 31-ամյա Ռոման Շ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները վիրավորներից Ռոման Շ.-ին և Հայկ Հ.-ին պատկարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ Սարգսի Մ.-ին քաղաքացիներն են մոտեցրել շտապօգնությանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





