Porsche Cayenne-ի վարորդը պարեկների ավտոմեքենայի մեջ է նետել 60 հազար դրամ. «էս փողը վերցրեք, դուք ինձ չեք տեսել, խմածությանս պահն էլ ջրեք»
Porsche Cayenne-ի վարորդը պարեկների ավտոմեքենայի մեջ է նետել 60 հազար դրամ. «էս փողը վերցրեք, դուք ինձ չեք տեսել, խմածությանս պահն էլ ջրեք»
Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանն ու Անդրանիկ Չոբանյանն այսօր՝ մարտի 21-ին, ժամը 00։30-ի սահմաններում Պռոշյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Porsche Cayenne մակնիշի 07 GT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը սխալ ձևով է շարքերի վերադասավորում կատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են վարորդին, նրանից պահանջում վարորդական իրավունքի վկայականն, ապա, քանի որ կասկած է առաջանում, որ հնարավոր է՝ նա գնտվում է ոչ սթափ վիճակում, նրանից պահանջում են սթափության թեստ հանձնել։
Վարորդ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Ալեքսանդր Բ․-ն, հրաժարվում է սթափության թեստ հանձնելուց, սկսում է համոզել պարեկներին, որպեսզի իրեն բաց թողնեն։
Սակայն տեսնելով, որ պարեկները պնդում են, որ պետք է նա անպայման հանձնի սթափության թեստ, նա գրպանից հանում է 3 հատ 20 հազարանոց ՀՀ թղթադրամ, գցում պարեկների ծառայողական ավտոմեքենայի մեջ, ասում․
![parekner](https://bavnews.am/wp-content/uploads/2023/03/parekner-pox.jpg)
«Տղե՛ք, էս վերցրեք, դուք ինձ չեք տեսել, խմածությանս պահն էլ ջրեք, թող գնա»։
Պարեկները նրան տեղափոխում են Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվում է սթափության փորձաքննության։ Պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ (խմած)։
Porsche Cayenne-ը տեղափոխվում է Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։