«Opel»-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մորն ու նրա անչափահաս դստերը
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Սարիբեկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Անուշ Ա.-ին և նրա 4-ամյա դստերը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները քաղաքացիների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկ այլ վարորդի ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանը և կրտսեր պարեկ Հովսեփ Հովսեփյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածներից երեխայի ինքնությունը։ Երեխան Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։