Մամուլ

«Mercedes Sprinter»-ը բախվել է վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին և շպրտել դրանք

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոս Գ.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան – Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի վայր է ժամանել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդի, նրա գործընկերների, պարեկների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ավտոքարշակով հեռացրել են դեպքի վայրից, որից հետո հրշեջները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։