Օգտակար

Ինչպես պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն

Ինչպես պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում ինչպես պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն:

Հղիության 9 ամիսները զարմանալիորեն արագ են անցնում: Ձեր բալիկի հետ հանդիպմանն ավելի լավ է նախօրոք պատրաստվեք՝ հետևելով մեր խորհուրդներին:

1․ Տեղեկացված եղեք ծննդաբերության ընթացքի մասին

Հավանաբար դուք այնքան էլ չեք ուզում մտածել ծննդաբերության մասին, սակայն որքան տեղեկացված լինեք, այնքան ավելի հեշտ կլինի ակտիվ մասնակցել պրոցեսին և որոշումներ կայացնել: Մայրության դպրոց հաճախելը կարող է շատ օգտակար լինել:

Այնտեղ կտեղեկանաք ծննդաբերության տարբեր մեթոդների, փուլերի, ցավազրկման տարբերակների և շնչառական տեխնիկաների մասին: Կարող եք նաև հաճախել Ձեր ամուսնու հետ միասին: Որպես այլընտրանքային տարբերակ՝ հարցուփորձ արեք Ձեր գինեկոլոգին Ձեզ հուզող հարցերի վերաբերյալ:

2. Խոսեք նոր բալիկի մասին Ձեր ամուսնու կամ Ձեր մյուս երեխաների հետ

Այժմ շատ հարմար պահ է, որպեսզի Ձեր ամուսնու հետ միասին քննարկեք երկուսիդ ակնկալիքները: Ծննդաբերության և հետագա առաջին ամիսների ժամանակաշրջանը կարող է սթրեսային լինել ձեր երկուսի համար:. Քննարկեք, թե ինչպես եք միմյանց օգնելու և բաժանելու առօրյա գործերը:

Եթե ունեք մեծ երեխա, պատմեք նրան իր նոր քույրիկի կամ եղբոր մասին՝ նշելով, որ իրենք երկուսն էլ շատ կարևոր են Ձեր համար: Կարող եք նաև քննարկել, թե ինչպես է ձեր կյանքը փոխվելու երեխայի ծնվելուց հետո: Եթե երեխան ավելի մեծ է, պատմեք, թե ինչպես կարող է նա ներգրավվել նորածնի խնամքի գործում:

3. Խոսեք Ձեր ընկերուհիների հետ, ովքեր արդեն ունեցել են ծննդաբերելու փորձ

Եթե առաջին անգամ եք ծննդաբերելու, միգուցե անհարմար զգաք բժշկի հետ քննարկել որոշ հարցեր: Օրինակ, որոշ նորաթուխ մայրիկներ ունենում են հետծննդաբերական դեպրեսիա: 

Սա լիովին նորմալ երևույթ է, սակայն շատ կարևոր է կիսվել այնպիսի մարդու հետ, ով Ձեզ կհասկանա: Ձեր հղիությունը նման չի լինի Ձեր ընկերուհիների կամ մայրիկի ունեցած հղիության ընթացքին, սակայն եթե լսեք իրենց փորձի մասին, Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք:

4. Պատրաստեք ծննդատան պայուսակը

Ծննդատան պայուսակ դասավորելը վերջին բանն է, որի մասին կուզեիք մտածել ծննդաբերական ցավերի սկսվելուց հետո: Պատրաստեք այն նախօրոք և փորձեք չափից շատ իրեր չվերցնել, սակայն չմոռանաք այն ամենն ինչ կարող է պետք գալ՝ ատամի խոզանակ, սանր, հարմարավետ հողաթափեր: Եթե վստահ չեք՝ ինչ կարող է պետք գալ, հարցրեք ծննդատան բուժքույրերին:

5. Մի քանի խորհուրդ տուն վերադառնալու հետ կապված

Երբ վերադառնաք տուն, Ձեր երեխային անհրաժեշտ կլինեն տակդիրներ, թաց անձեռոցիկներ, հագուստ, մանկական մահճակալ: Եթե որոշել եք կրել կերակրման կրծկալ, նախօրոք գնեք մի քանի հատ: 

Պարտադիր չէ մանկական բոլոր պարագաներն ամենասկզբից գնել, այնպես որ մի անհանգստացեք այդ մասին, կենտրոնացեք Ձեր և նորածնի՝ նոր կարգավիճակին հարմարվելու վրա:

Կիսվել