«Howo» բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ նա մահացել է
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում «Howo» մակիշի բեռնատարը Նոր Նորք վարչական շրջանում՝ Սամվել Սաֆարյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 73-ամյա Մելանյա Մ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս են բերել վրաերթի ենթարկվածին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիոգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Էդիկ Առաքելյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 10 մետր այն կողմ կա հետիոտնային անցում, որը նաև գծանշված է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



