Մամուլ

«Honda CR-V»-ն Սևանի թերակզու մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել ու գլխիվայր հայտնվել ձորում. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկները, ովքեր նաև մինչև նրանց հիվանդանոց տեղափոխելը իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ պահվող դեղատուփերից օգտագործել են բժշկական անհրաժեշտ պարագաները:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Սարիբեկյանի, Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ:  

sevan avtovtar

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մասիս Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Միշա Մկրտչյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան, տեղում իրականացնում են հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն  ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք:

Կիսվել