Bavnews.am․ 9 տարի լրատվական դաշտում
Այսօր՝ հունվարի 20-ին Bavnews.am լրատվական կայքը տոնում է իր հիմնադրման 9-ամյակը։ Սա պարզապես ժամանակագրական տարեթիվ չէ, այլ 9 տարվա ամենօրյա, հետևողական ու քրտնաջան աշխատանքի ամփոփում, որի կենտրոնում եղել և մնում է մեր ընթերցողը։
Լրատվական բազմազանության և տեղեկատվական հոսքերի այսօրվա խառնաշփոթում դժվար է պահպանել որակն ու սկզբունքայնությունը, սակայն Bavnews.am-ը հիմնադրման առաջին իսկ օրից որդեգրել է հստակ քաղաքականություն՝ ծառայել բացառապես ճշմարտությանը։
Անցած 9 տարիների ընթացքում մեր թիմը լուսաբանել է ամենագլխավոր, քննարկվող թեմաները՝ նպատակ ունենալով հանրությանը հասցնել օպերատիվ, բայց, որ ամենակարևորն է, ստուգված տեղեկատվություն։
Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի յուրաքանչյուր լուրի իսկությունը։ Մենք գիտակցում ենք խոսքի արժեքն ու պատասխանատվությունը, այդ իսկ պատճառով Bavnews.am-ը երբեք չի տրվել սենսացիաների հետևից ընկնելու գայթակղությանը՝ ի վնաս որակի։
Մեր հարթակում հրապարակվող յուրաքանչյուր նյութ անցնում է փաստերի ստուգման մանրակրկիտ փուլ։ Մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ մեր ընթերցողին երբեք չենք մատուցել չճշտված կամ կեղծ տեղեկատվություն։
Այս 9 տարիների ձեռքբերումը ոչ միայն մեր կայուն դիրքն է մեդիադաշտում, այլև այն վստահությունը, որը ձևավորվել է մեր և ընթերցողի միջև։ Շնորհակալ ենք, որ ընտրում եք Bavnews.am-ը որպես Ձեր վստահելի տեղեկատվական աղբյուր։
Մենք շարունակելու ենք աշխատել նույն նվիրումով՝ պահպանելով պրոֆեսիոնալ լրագրության բարձր նշաձողը։



