Պուտինն ու Էրդողանը սկսել են քննարկել Ալիևի խնդիրը
Պուտինն ու Էրդողանը սկսել են քննարկել Ալիևի խնդիրը
1in.am-ը գրում է․ Պուտինն ու Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Ինչպես առաջին անգամ, այս դեպքում էլ զանգահարողը եղել է Էրդողանը: Ընդ որում, հատկանշականն այն է, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ նրանք քննարկել են Արցախի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակներին վերաբերող հարցեր:
Արդյոք Պուտին-Էրդողան զրույցը եղել է Լավրով-Չավուշօղլու զրույցի շարունակությո՞ւն, և արդյոք այն ընթացել է մի տրամաբանությամբ, որը առաջացրել է Էրդողանի զանգի անհրաժեշտությո՞ւն:
Հատկանշական է հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մի դրվագ: Ըստ դրա՝ Պուտինն Էրդողանին հայտնել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ իր շփումների մասին՝ միտված իրավիճակի ապաէսկալացմանն ու հրադադարին: Սա թերևս նշանակում է, որ Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալիևի խնդիրը:
Ինչ համատեքստում է այն քննարկվել՝ իհարկե, դժվար է ասել, սակայն եթե ՌԴ նախագահը Էրդողանի զանգին ի պատասխան նրան հայտնում է Ալիևի հետ իր զրույցների մանրամասներ, դա նշանակում է, որ այդ գործում տեղի է ունեցել որոշակի կոմունիկացիոն-բովանդակային խզում, կամ այլ կերպ ասած՝ կան հիմքեր եզրակացնելու, որ Ալիևը խաղացել է երկակի խաղ, ինչի մասին էլ Պուտինը իրազեկել է Էրդողանին:
Ալիևի զոհաբերության պահը հասունանում է: Թուրքիան փորձում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, գալ ինչ-որ նվազագույն պայմանավորվածության, քանի որ Բաքվի միջոցով պատերազմելու շանտաժի ռեսուրսը անսպառ չէ: Սակայն Մոսկվան ըստ երևույթին ակնարկում է, որ հնարավոր չէ պայմանավորվել «Ալիևի վրա»:
Այստեղ թերևս արժե հիշել, որ պատերազմից շաբաթներ առաջ, շնորհավորելով Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը, ընդ որում՝ չունենալով դրա, այսպես ասած, արարողակարգային անհրաժեշտությունը կամ պարտավորությունը, Պուտինը նրան հռչակել էր Ադրբեջանում «Ռուսաստանի իսկական բարեկամ»՝ շնորհավորական ուղերձում որևէ անգամ որևէ առիթով չտալով Իլհամ Ալիևի անունը: