Մամուլ

Մարզահամալիրն առանձին «դեպք» է. այդքան մահճակալ են դրել, բայց այն չի կարող խնդրի լուծմանը ծառայել. «Հրապարակ»

Մարզահամալիրն առանձին «դեպք» է. այդքան մահճակալ են դրել, բայց այն չի կարող խնդրի լուծմանը ծառայել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու է թոքաբորբ տանողների քանակն այսպես բազմապատկվում՝ հրապարակված 400-ից ավելի թվի 20 տոկոսը ծանր թոքաբորբով տառապողներն են։

Ահավոր է` մահճակալները կատաստրոֆիկ չեն հերիքում, պատկան մարմիններն էլ չեն ուզում նոր հիվանդանոցներ բացել՝ ծանրությունը գցեցին առաջնային օղակների՝ պոլիկլինիկաների վրա, պոլիկլինիկաներն էլ ոչ միայն սովոր չեն այդ ծանրաբեռնվածությանը, նաեւ ինֆեկցիոն մասնագիտացված մասնագետների խնդիր կա, դրա համար են թոքաբորբերն այսպես շատացել. առաջնային օգնության խնդիրն է»,- ասաց ոլորտի պատասխանատուն:

Իսկ ինչո՞ւ չեն գործարկում Մարզահամալիրը, առանձնացրին` հենց սկզբից, «կահավորեցին», ժողովրդին հոգեբանական շոկի ենթարկեցին ու չօգտագործեցին՝ ո՞րն է խնդիրը։

«Մարզահամալիրն առանձին «դեպք» է` այդքան մահճակալ են դրել, այդքան գումար են ծախսել, բայց այն չի կարող խնդրի լուծմանը ծառայել՝ այդքան հիվանդին պետք է սպասարկել, չէ՞, սկսած բուժսարքավորում-դեղորայքից, մինչեւ կենցաղային-կենսական կարեւոր խնդիրներ` կերակրել, զուգարան, լվացվել` ընդհուպ մինչեւ հեռախոսի լիցքավորում։ Այդ ամենի հնարավորությունը մարզահամալիրում չկա։

Հիմա հո 1920 թիվը չէ՞, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների տրամաբանության լազարեթ ունենաս։ Եթե մասնավոր կլինիկաներն էլ միանային, այդքան մահճակալային ֆոնդ կարող էին ապահովել, փաստորեն, այդ ակցիան էլ անհասկանալի մնաց։

Իսկ, առհասարակ՝ պետությունը փող է խնայում, չի ուզում բուժման վրա փող ծախսել, որ հետո տնտեսության մեջ դնի՝ ասֆալտ անի, մարդկանց ցույց տա, որ աշխատում է։ Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանությունների իմիջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել