Վստահո՞ւմ է հասարակությունն իշխանությունների հավաստիացումներին, թե՞ չի վստահում
Վստահո՞ւմ է հասարակությունն իշխանությունների հավաստիացումներին, թե՞ չի վստահում
Armtimes.com-ը գրում է. Կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության ձեռնարկած քայլերն ու դրանց արդյունավետությունը, բնականաբար, ընդդիմախոսների մշտական քննադատությունների թիրախում են։ Դրանք երբեմն տեղին են, երբեմն՝ խիստ չափազանցված, իսկ ավելի հաճախ՝ պարզապես մանիպուլյատիվ ու իրականությունը խեղաթյուրող։
Օրինակ՝ այն փաստը, որ Հայաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով գերազանցում է Վրաստանին ու Ադրբեջանին, ընդդիմությունը ներկայացնում է որպես այդ հարցում մեր իշխանությունների ձախողման «անհերքելի ապացույց» իշխանություններին ամեն գնով պաշտպանել փորձողներն էլ դա «բացատրում են» նրանով, թե «էս ի՞նչ ժողովուրդ ենք, անգամ արտակարգ դրության պայմաններում տարրական կանոնները չենք պահպանում, բակերում իրար գլխի հավաքված նարդի են խաղում, հերթերում հեռավորություն պահպանել չկա» եւ այլն։
Իրականում եթե Շվեյցարիայի նման երկրում 100 հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10 անգամ բարձր է Հայաստանի ցուցանիշից՝ դա չի նշանակում, թե այդ երկրի կառավարությունը մերինից 10 անգամ անարդյունավետ է, կամ՝ եթե այդ նույն ցուցանիշով Ադրբեջանը մեզանից 4-5 անգամ լավ վիճակում է՝դա չի նշանակում, թե ադրբեջանցիները մեզանից 4-5 անգամ ավելի կարգապահ ու մաքրակենցաղ են։
Ամբողջ խնդիրն այն է, թե որ երկրում քանի հոգի է թեստավորվել, որովհետեւ որքան շատ են թեստավորվածները՝ այնքան շատ են հաստատված դեպքերը։
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե կառավարությունների ձեռնարկած քայլերն ու բնակչության վարքագիծն ընդհանրապես նշանակություն չունեն։ Իհարկե ունեն, եւ այդ առումով Հայաստանում վիճակը բավականին լավ է՝ իշխանությունների ձեռնարկած քայլերն արդյունքներ են տալիս։
Օրինակ՝ պարետի որոշմամբ մի քանի սուպերմարկետներ մի քանի ժամով փակվեցին, ու հիմա գրեթե բոլոր խոշորխանութներում սանիտարահիգիենիկ միջոցառումները խստորեն պահպանվում են, մի քանի հարյուր մարդ տուգանվեց, ու հիմա մարդիկ ավելի լրջորեն են մոտենում տեղաշարժի սահմանափակումներին, եւ այլն։
Բայց այստեղ էլ այլ խնդրի ենք բախվում։ Մի կողմից՝ որքան խիստ են սահմանափակումները, այնքան դանդաղում է վարակի տարածումը, եւ փոքրանում է հավանականությունը, որ ինչ-որ պահի իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից (առողջապահական կարողությունները չեն բավականացնի բոլորին բուժելու համար)։
Մյուս կողմից՝ նոր կարգավորումները (էլեկտրոնային հավելվածների միջոցով մարդկանց տեղորոշելը, նրանց հաղորդակցությունների շրջանակները վերահսկելը եւ այլն) էականորեն ոտնահարում են մարդկանց հիմնարար ազատությունները։ Ընդդիմությունն էլ, առիթն օգտագործելով, հայտարարում է, թե իրականում իշխանությունների նպատակն երկրում տոտալ վերահսկողություն սահմանելն է, նրանք ցանկացած պահի կարող են այդ տվյալներն օգտագործել այլ նպատակներով, իսկ բողոքողներին շատ արագ «կտեղորոշեն» ու կպատժեն՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու պատրվակով, եւ այսպես շարունակ։
Մի խոսքով՝ համարյա օրուելյան «մեծ եղբայրը հետեւում է քեզ» մոտիվներով։
Հարց է ծագում՝գոյություն ունի՞ արդյոք ոսկե միջինը։ Հնարավո՞ր է արդյոք այնպես անել, որ երկրում արտակարգ դրություն լինի (դրա անհրաժեշտությունը կարծես թե որեւէ մեկը չի վիճարկում), ու միաժամանակ մարդկանց որեւէ հիմնարար ազատություն չսահմանափակվի։
Վստահաբար՝ բոլորը կհամաձայնվեն, որ դա հնարավոր չէ, հետեւաբար՝ հարցն այդ սահմանափակումների «համարժեքությունն» է։ Պարզ ասած՝ արդյո՞ք սահմանափակումներն ավելի խիստ չեն, քան պահանջում է վիճակը։ Եվ իհարկե՝ այն, թե արդյո՞ք իշխանությունները քաղաքական նպատակներով չեն չարաշահի այդ սահմանափակումները։
Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ սա, մեծ հաշվով, իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության խնդիր է։ Վստահո՞ւմ է հասարակությունն իշխանությունների հավաստիացումներին, թե՞ չի վստահում։
Ուշադրություն դարձրեք՝ սահմանափակումների «համարժեքության» շուրջ քննարկումները միանգամայն հասկանալի ու նույնիսկ տեղին են, իսկ ահա իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության թեման փոքր-ինչ արհեստական է։ Առավելեւս, որ այդ հարցը բարձրացնողներին հասարակության մեծամասնությունը հաստատ չի վստահում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում