Եթե վարչապետն ասի, որ կորոնավիրուսն առաջացել է ՀՀԿ-ի հանցավոր գործունեության արդյունքում, շատերը կհավատան. «Առավոտ»
Եթե վարչապետն ասի, որ կորոնավիրուսն առաջացել է ՀՀԿ-ի հանցավոր գործունեության արդյունքում, շատերը կհավատան
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ակնհայտ է, որ կորոնավիրուսը չի խանգարի հանրաքվեի անցկացմանը: Շարունակում եմ պնդել, որ իշխանությունն այդ հանրաքվեում կգրանցի համոզիչ, անվիճելի եւ միանգամայն օրինական հաղթանակ:
Հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն է, նրա անվերապահ հեղինակությունը հայաստանցիների եւ ընդհանրապես հայերի ճնշող մեծամասնության շրջանում:
Եթե վարչապետն ասի, որ կորոնավիրուսն առաջացել է ՀՀԿ-ի հանցավոր գործունեության արդյունքում, շատերն անտարակույս կհավատան դրան: Փաշինյանի հանդեպ սերը եւ նախորդ իշխանությունների նկատմամբ ատելությունը բարձր եւ իշխանությունների համար ցանկալի արդյունք կապահովեն հանրաքվեում:
Այդ էմոցիոնալ ֆոնի վրա բանական փաստարկները բացարձակապես կարեւոր չեն: Այնուամենայնիվ հիմա, կարծես թե, քարոզչության շրջան է, եւ «այո»-ի ու «ոչ»-ի կողմերը, թեեւ առանց խանդավառության, ստիպված են ինչ-որ դատողություններ անել, որոնք, կրկնեմ, հանրաքվեի արդյունքների վրա որեւէ ազդեցություն չեն ունենա:
Իշխանության գլխավոր փաստարկը հետեւյալն է. Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ի, այսինքն՝ նախորդ, ատելի իշխանության վերջին բաստիոնն է: Հետեւաբար, եթե այդ բաստիոնը տապալվի, մենք կունենանք ոչ միայն անկախ, օրինական եւ ապաքաղաքական ՍԴ, այլեւ ընդհանրապես անկախ դատական համակարգ, ինչպես նաեւ իրավական եւ բարեկեցիկ պետություն:
Եթե «բաստիոնը» մնա, ՀՀԿ-ն, կոռուպցիան եւ մնացած վատ բաները կվերադառնան: Իրականում դա, իմ կարծիքով, այդպես չէ. «բաստիոնը» ոչ թե դատավորներն են եւ իշխանությունից զրկված կուսակցությունը, այլ պետական համակարգը, որը հեղափոխությունից հետո էլ շարունակում է անարդյունավետ աշխատել:
Հետեւաբար, իշխանության քարոզչությունը, ըստ իս, հիմնված է առնվազն մոլորության վրա: Դրանով հանդերձ այդ քարոզչության մեջ կա ինչ-որ, թեեւ շատ ուրույն, տրամաբանություն:
Ընդդիմության դիրքորոշումն այդ առումով ընդհանրապես զուրկ է որեւէ տրամաբանությունից: Բանն է, որ ցանկացած քաղաքական ուժի դիրքորոշումը ցանկացած հանրաքվեից առաջ պետք է լինի կա՛մ «այո»-ն, կա՛մ «ոչ»-ը, կա՛մ ակտիվ բոյկոտը՝ որպես «ոչ»-ի տարատեսակ:
Ասել, որ հանրաքվեն անիմաստ է, անօրինական է, հանրաքվեում դրված հարցն անհեթեթ է եւ այլն, կարելի է, բայց այնքան ժամանակ, քանի դեռ հանրաքվեի օրը չի նշանակվել:
Դրանից հետո կուսակցությունները պետք է այս կամ այն ձեւով իրենց մոտեցումները ներկայացնեն քաղաքական պայքարում: Եթե դիրքորոշումը բոյկոտն է, ապա հիմա այդ կուսակցությունները պետք է բոլոր օրինական ձեւերով քարոզեն այդ գաղափարը՝ բուկլետներով, պաստառներով, եթերով, ֆեյսբուքով, իսկ կորոնավիրուսի պատմության ավարտից հետո՝ նաեւ հանրահավաքներով:
Եթե ընդդիմադիր կուսակցությունները շարունակեն իրենց անհասկանալի կրավորական կեցվածքը, ապա քաղաքացիները գուցե ընդհանրապես մոռանան նրանց գոյության մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում