«Ես տարիք չունեցող կին եմ». Հասմիկ Կարապետյանը՝ 43 տարեկանում կրկին մայրանալու մասին
«Ես տարիք չունեցող կին եմ»։ Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի ընտանիքում ապրիլի վերջում կրկին համալրում է սպասվում: Թե ինչ սեռ ունի ընտանիքի նոր անդամը, ծնողները դեռ չեն պարզել. ուրախ կլինեն թե՛ տղայի, թե՛ աղջկա դեպքում:
Հասմիկն անկեղծ զրույց է ունեցել Tert.am Life-ի հետ, որի շրջանակում պատմել է 43 տարեկանում կրկին մայրանալու, առաջին ու երկրորդ հղիության տարբերությունների և իր կյանքում արվեստի բացակայության առաջացրած բացի մասին:
-Հասմիկ, այս փուլում երկրորդ անգամ մայրանալ չէիք ծրագրում, հղիության լուրն անսպասելի էր Ձեզ համար: Այնուամենայնիվ, իր անսպասելիության մեջ որքանո՞վ էր ոգևորիչ:
-Լուրն այնքան անսպասելի էր, որ հղիությունս 6-7 շաբաթական էր, ես նույնիսկ չգիտեի այդ մասին: Եթե անկեղծ լինեմ, հոգեպես և ֆիզիկապես ես պատրաստ չէի երկրորդ երեխային: Տաթևը նոր է սկսել մանկապարտեզ գնալ, իր ծննդից հետո դեռ չէի հասցրել հանգստանալ, մի քիչ ինքս ինձ համար ապրել: Այնուամենայնիվ, ես հասկացա, որ, երբեմն, Աստված մեզ տալիս է այն, ինչ մեզ պետք է, ոչ թե այն, ինչ մենք ուզում ենք: Միանշանակ, Տաթևին պետք էր քույր կամ եղբայր:
-Երեխայի սեռը պարզե՞լ եք: Կարևորո՞ւմ եք այն:
-Ցանկացած սեռի դեպքում շատ շնորհակալ կլինենք և սիրով կընդունենք: Կարևորն այն է, որ առողջ բալիկ լինի: Արդեն հղիության վեցերորդ ամսում եմ, բայց դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Գուցե մինչև վերջ չդիմանանք և ճշտենք սեռը, գուցե, անակնկալ թողնենք:
-Տաթևին սպասելու շրջանում շատ ավելի լարված էիք, նախ՝ Ձեր առաջին հղիությունն էր, երկրորդ՝ շատ երկար էիք սպասել ձեր առաջնեկի ծննդին, գուցե, ինչ-որ վախեր ունեիք: Հիմա ավելի լիարժե՞ք եք վայելում Ձեր կարգավիճակը:
-Այո, իհարկե: Առաջին հղիությանս ժամանակ, վախեր, անհասկանալի զգացողություններ կային: Անսպասելի բաները շատ ավելի թեթև են անցնում, քան երբ կենտրոնացած ես մի գաղափարի վրա:
Փառք Տիրոջը, ես արդեն բալիկ ունեմ, փորձառու եմ: Ամեն լացից չեմ նյարդայնանա, շատ ավելի համբերատար կլինեմ: Լավ է, որ ես որոշեցի Տաթևին ինքս մեծացնել, ոչ թե դիմել դայակի օգնությանը, որովհետև երկրորդ երեխայի դեպքում ես ունեմ փորձ: Դայակի օգնությամբ ես չէի ունենա այդ փորձը, ձեռք չէի բերի այդ ինքնուրույնությունն ու կազմակերպվածությունը: Տաթևը սկսել է հաճախել մանկապարտեզ: Մինչև երկրորդ երեխայի ծնունդը նա արդեն ադապտացրած կլինի և ամբողջ օրը կմնա մանկապարտեզում, ինչն ինձ շատ կօգնի:
-Այս տարի կդառնաք 43 տարեկան: Որպես կանոն՝ այդ տարիքում հղիություն ավելի բարդ է անցնում: Առաջնեկին էլ ուշ տարիքում ունեցաք՝ 39 տարեկանում: Ինչպե՞ս է անցնում հղիությունը, բարդություններ լինո՞ւմ են:
-Կարծում եմ՝ դա միֆ է: Ինձ համար տարիքը միայն թվեր են: 43 տարեկան մեկ այլ կին իմ փոխարեն, հնարավոր է, շատ ավելի ծանր ու առողջական խնդիրներով լիներ: Շատ կանանց համեմատ ես թեթև եմ տանում հղիությունս: Ինքս չեմ բարդացնում այդ ամենը, եթե հղի ես, չի նշանակում՝ հիվանդ ես: Ինձ համար դա պատճառ չէ, որ ծանրանամ, դառնամ մռայլ:
Ես ինձ համարում եմ տարիք չունեցող կին: Թող անհամեստ չթվա, սակայն, չդիմելով պլաստիկ որևէ միջամտության, ես ինձ դեռ ներդաշնակ եմ զգում իմ արտաքնի հետ: Եթե մի օր նայեմ հայելու մեջ և ինձ ներդաշնակ չզգամ, կդիմեմ փոքրիկ միջամտությունների, իհարկե, չափի մեջ: Սակայն առ այսօր չեմ դիմել փոփոխությունների, ես թեթև եմ, էներգիաս տեղն է: Որքան էլ հոգնում եմ, կարողանում եմ վերականգնվել, տիեզերքն ինձ տալիս է այդ հնարավորությունը, ուրեմն՝ պատահական չէ, որ ինձ երկրորդ անգամ մայրանալու հնարավորություն տրվեց: Ինձ համար տարիք գոյություն չունի:
-Հետագայում ևս երեխաներ ունենալու մասին մտածո՞ւմ եք, թե՞ երկու երեխայով կսահմանափակվեք՝ անկախ երեխայի սեռից:
-Մտովի և հոգեպես հասկանում եմ, որ միանշանակ կսահմանափակվեմ: Ինձ նույնիսկ բավարար էր, եթե միայն Տաթևը լիներ, սակայն Աստծո կամքն այլ էր: Ես ուրախ ու շնորհակալ եմ, որ Աստված ինձ օրհնեց որպես մայր, սակայն միանշանակ կսահմանափակվեմ: Ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց ոչինչ չի կարող ինձ տանել հակառակ որոշման: Անկախ ամեն ինչից՝ ես համարում եմ, որ դեռ երիտասարդ եմ, ժամանակ և ուժ ունեմ ստեղծագործական նոր մտքերի համար, որպեսզի լինեմ երգարվեստում և զբաղվեմ իմ սիրած գործով:
-Հասմիկ, ես հիշում եմ մեր հարցազրույցները տարիներ առաջ. այն ժամանակ Ձեզ համար երազանք էր ընտանիք, երեխաներ ունենալը: Գուցե, հիմա մի քիչ հոգնում եք, վազվզում, բայց, ի վերջո, Ձեր կյանքում իրականացել է այն, ինչի մասին երազում էիք: Դա Ձեզ չի՞ բավարարում:
– Ընտանիքը հրաշք է, որը բոլորին պետք է: Ցանկացած կնոջ անհրաժեշտ է կյանքում գոնե մեկ անգամ զգալ մայրության բերկրանքը, եթե իհարկե, դու բնությամբ մայր ես, ոչ թե ուղղակի երեխա ես ունենում, որպեսզի ուրիշները պահեն: Ես այդ առումով շատ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, դրա համար էլ առ այսօր դայակ չունեմ: Մայր լինելն անձնազոհություն է: Նայելով քույրերիս, ընկերուհիներիս ընտանիքներին՝ այն ժամանակ էլ քաջ գիտակցում էի, թե ուր եմ մտնելու, ուղղակի ինձ համար նոր մի բան բացահայտեցի. արվեստի կանանց համար կրկնակի դժվար է: Եթե ես արվեստի մարդ չլինեի, ազատ, հետաքրքիր շրջագայություններով լի կյանքը չունենայի, միշտ ուշադրության կենտրոնում չլինեի, ավելի հանգիստ կյանք վարած լինեի, անընդհատ չէի համեմատի իմ ներկայիս իրականության հետ: Այն, ինչ հիմա ինձ հետ կատարվում է, ինձ համար սովորական և օրինաչափ կլիներ:
Կենցաղը բոլորի համար է դժվար, սակայն արվեստի կանանց համար, հատկապես, կենցաղը կոտրող հատկություն ունի: Երբ դու միայն ընտանիքով, երեխայով, կենցաղով ես զբաղված, քեզ չես սնում քո սիրած աշխատանքով՝ ստեղծագործելով, հանդիսատեսի հետ շփմամբ, ուշադրության կենտրոնում լինելով՝ սեր տալով ու ստանալով, կրկնակի դժվար է:
-Այն ժամանակ, երբ ունեիք այդ առօրյան, բայց երազում էիք ընտանիքի մասին, լիարժեք վայելո՞ւմ էիք այն, ինչ ունեիք այդ պահին:
-Այն ժամանակ մենակություն էի զգում: Համերգներից ու այդ ամեն ինչից հետո, երբ ինքս ինձ հետ մենակ էի մնում, հասկանում էի, որ ինձ պետք է ընտանիք, որովհետև այդ ամենը չի լրացնում այդ բացը:
-Կյանքի ամեն փուլում ինչ-որ բաց լինում է: Մենակության զգացողությո՞ւնն էր ավելի վատ, թե՞ արվեստի բացակայության զգացողությունը:
-Որքան էլ պատասխանս տարօրինակ թվա, ես չեմ կարող խաբել ոչ ինձ, ոչ էլ մարդկանց. արվեստի բացակայությունն ինձ համար շատ ավելի ծանր է, որովհետև միայնությունս կարողանում էի լցնել: Ես այնքան ինքնաբավ մարդ եմ, որ կարողանում էի գտնել զբաղմունքներ: Փորձում էի ցրել այդ միայնությունը, սակայն արի ու տես, որ արվեստի բացակայությունը, ցավոք, ոչ մի այլ բանով չես կարողանում լցնել: Դա իր գույնն ունի, որը ոչ մի այլ երևույթով չես կարող լցնել:
Ես շատ կցանկանայի, որ ինձ մոտ ստացվեր համատեղել ընտանիքիս խնամքն ու աշխատանքս, որովհետև նման օրինակներ ունենք: Թեև կարծում եմ, որ այդ դեպքում ոչ մեկը լիարժեք չէր լինի:
-Որպես կանոն՝ հղիության ընթացքում կանայք ավելի հուզմունքային են լինում, ինչը ստեղծագործող մարդկանց մոտ նոր գործեր է ծնում: Այս շրջանում ստեղծագործո՞ւմ եք:
-Ինձ մոտ հակառակն է: Կան կանայք, որոնց մոտ հղիության ընթացքում է էմոցիոնալ փոփոխություն լինում, ինձ մոտ դա սկսում է բալիկիս ծննդից հետո: Իսկ առհասարակ, ստեղծագործում եմ, ուղղակի ավելի քիչ, քանի որ ժամանակս չի ներում:
Աղբյուր՝ tert.am