«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնողին 100 հազար դրամ տուգանք են սահմանել
Հրապարակը գրոմ է․ «Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքներից մեկը փոխվել է, եւ նա տուգանվել է ընդամենը 100 հազար դրամով։
Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության եւ մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպք էր գրանցվել։
Արմավիրի բնակիչ Արգամ Հովիկյանը մտել էր Արմավիր քաղաքում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ՝ կրտսեր 1-ին խմբի երեխաների ննջասենյակ, եւ նախկին կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանից, որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, պահանջել, որ դուրս գա մանկապարտեզից՝ խոսելու բան ունի: Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել էր, ինչից հետո վերջինս բաճկոնի տակից հանել էր որսորդական դանակը եւ, բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից, քարշ տվել մանկապարտեզի մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից:
Լիլիթ Հովհաննիսյանը դիմադրել էր, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ էր հասցրել կնոջ դեմքին եւ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Այդ պահին նրանց էր մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը՝ նույն մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը՝ փորձելով օգնություն ցույց տալ թոռանը: Հովիկյանը Ռոզա Վարդանյանին փորձել էր սպանել՝ դանակով հարվածելով նրա պարանոցին, սակայն Վարդանյանը հետ էր քաշվել, եւ հարվածն ամբողջ ուժգնությամբ չէր եղել:
«Հրապարակի» հետ զրույցում Ռոզա Վարդանյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Արղամանյանն իրեն թույլ չի տվել խոսել, իսկ հարցուպատասխանների ժամանակ էլ ընդհատել է․
«Հոկտեմբերի 8-ին՝ առաջին դատավարության ժամանակ, դատավորն ինձ ձայն տվեց, ես խոսեցի, մեղադրյալը խոսեց, բայց ես վատառողջ էի, չկարողացա լիարժեք պատասխանել իրենց հարցերին։ Հոկտեմբերի 28-ին 2-րդ նիստը տեղի ունեցավ, ես մտածեցի, որ ինձ թույլ կտան խոսել, բայց թույլ չտվեցին։ Առաջին նիստի ժամանակ հարցրին՝ մյուս տուժողը՝ թոռնիկը, կա՞։ Թոռնիկս չկար, ես իր մորը Ռուսաստանից բերեցի՝ որպես տուժողի մայր, ինքը լիազորագիր գրեց, լիազորագիրը, մինչեւ նիստի սկսվելը, ես մի ժամ առաջ ուղարկեցի իրենց մոտ։ Իրենք լիազորագրին ուշադրություն չդարձրին, ոչ էլ ձայն տվեցին մորը։ Ինձ ասացին, թե ես, իբրեւ, արդեն մեկ անգամ խոսել եմ։ Հարցուպատասխանների ժամանակ ես որ խոսում էի, ինձ ասում էին՝ լավ, պարզ է, նստիր․ չէին թողնում, որ միտքս ավարտեի։
Դատավորները պաշտպանեցին մեղադրյալին, ինձ չէին լսում, շատ սիրալիր էին ընդունում նրան խոսքերը, այնպիսի տպավորություն էր, որ նա էր տուժողը, ոչ թե ես։ Դատավոր Ալիկ Ազարյանը դահլիճում ասաց, որ նա եթե սպանության նպատակ ունենար, կսպաներ կաբինետում կամ դրսում: Իսկ հանցագործը հարբած վիճակում, սառը զենքը վերցրած, եկել էր մանկական հիմնարկ պահածո՞ բացելու։ Հարգելի դատավոր Արղամանյանն ասում է, որ նա սթափ է եղել։
Մանկապարտեզի բոլոր աշխատակիցներն իրենց բացատրության մեջ վկայում են նրա հարբածության մասին: Ինքն իր բացատրության մեջ գրել էր, որ առավոտյան ժամը 11։00-ին մի երկու բաժակ ընկերների հետ խմել էր, նրա 2 բաժակը գիտենք՝ 2 շշից ավելին է, առանց խմիչքի սեղան չի նստում: Եթե այդ դեպքի օրը ժամը 16։00-ին տանեին փորձաքննության, նրա հարբածության չափը ցույց կտար, իսկ երեկոյան ուշ ժամին, բնական է՝ ալկոհոլը նրա օրգանիզմից արդեն դուրս էր եկել»:
Հովիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Վարդանյանը մեզ ասաց, որ դատարանը որոշել է 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները փոխել խուլիգանության՝ 100 հազար դրամ տուգանքով․
«Իր վրա 4 հոդված կա դրված։ 4-5 ժամ պատանդ է վերցրել էն երեխուն՝ 3 տարեկան Հմայակին։ Դրանից հետո թոռնիկիս է վնասել, որը սպանության փորձ էր, իմն էլ էր սպանության փորձ, որ ես հրաշքով հետ կանգնեցի, թե չէ թռցնում էր գլուխս։ 3 սպանության փորձ իր վրա կար եւ մի հատ էլ սառը զենք։ Առաջին ատյանի դատարանում Դոլինյանը հաստատեց, որ դա իրոք սպանության փորձ էր, հետագայում թե իրար հետ պայմանավորված էին, թե ինչ, բողոքել էին վերաքննիչ, վերաքննիչում իր վրայից այդ հոդվածը հանեցին։
Առաջին ատյանի դատարանում դատավորն իրեն 10 տարի տվեց, բայց իրեն 17 տարուց ավելի հասնում էր՝ այդ 4 հոդվածների համաձայն։ Վերաքննիչում 2 տարի հանեցին եւ այդ հոդվածը փոխեցին․ 34-104 հոդվածի առաջին մասը՝ 117 հոդվածով։ 34-104 հոդվածը սպանության հոդվածն է, այդ հոդվածը հանեցին, տվեցին 117՝ խուլիգանություն․ կա՛մ 2 ամիս կալանք պիտի կրի, կա՛մ 100 հազար փող պիտի մուծի։ Իրեն տվեցին 100 հազար, 100 հազարը մուծեցին, եւ այդ հոդվածն իր վրայից դուրս եկավ։ Հենց հիմա մենք բողոքարկում ենք վճռաբեկ»։
Աղբյուր՝ hraparak.am