Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև
«Առավոտը» գրում է․ Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ 2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։ Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․ 2019 թ․ սեպտեմբերի 24-ին առաջինը ելույթ ունեցավ Էրդողանը։ Արդարության և հավասարության մասին վեհ գաղափարներից խոսելուց հետո, որոնք մշտապես խախտվում են Թուրքիայում, Էրդողանը մեկ անգամ ևս բողոքեց, որ Թուրքիան ներկայացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) շարքում, որոնք ունեն վետոյի իրավունք։
Թուրքիային նման առանձնաշնորհյալ ակումբ ընդունելուց շատ առաջ, պետք է առաջնահերթություն տալ Հնդկաստանին, Բրազիլիային և, հնարավոր է` Գերմանիային։ Էրդողանը նաև Թուրքիան խեղաթյուրված ներկայացրեց որպես այն երկիրը, որն «առաջին և ծանր հարվածը հասցրեց» Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:
Իրականում, Թուրքիան եղել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ամենամեծ աջակիցը․․․ Զարմանալի է, որ Էրդողանը մեղադրում է հույն կիպրացիներին այն բանի համար, որ Թուրքիան շարունակում է օկուպացնել Հյուսիսային Կիպրոսը: Նա նաև քննադատեց Իսրայելին՝ պաղեստինցիների նկատմամբ վատ վերաբերմունքի համար:
Անդրադառնալով Կովկասին՝ Էրդողանը հայտարարեց. «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից շրջանները, որոնք ադրբեջանական տարածք են, դեռևս գրավված են՝ չնայած ընդունված [ՄԱԿ-ի] բանաձևերին»: 2019 թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի» (Արցախ) հակամարտությունը լուծելու դժկամության համար։ Նա ասաց, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Ինչ վերաբերում է Թուրքիային, Փաշինյանը հայտարարեց, որ «հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որը վերապրել է ցեղասպանության խորը ողբերգությունը և շարունակում է բախվել ճշմարտության ու արդարության դաժան ժխտմանը»:
2019 թ․ սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց․ «Հայաստանը, միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու անօգուտ փորձերի վրա ժամանակ վատնելու փոխարեն, պետք է հրաժարվի անկայուն ներկա կացությունը երկարաձգելուց և բարեխղճորեն կատարի իր միջազգային պարտավորությունները»։ Որքան շուտ Հայաստանը հրաժարվի իր «հարձակողական և թշնամական քաղաքականությունից տարածաշրջանում», այնքան ավելի լավ կհաղթահարի իր «լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական բեռը», ասաց Մամեդյարովը:
ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակն օգտվեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթին իր «պատասխանի իրավունքից»՝ մեղադրելով նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության աղավաղման մեջ: Հայաստանի ներկայացուցիչն այնուհետև հիշատակեց 1988 թ. ադրբեջանական հայերի կոտորածների մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել:
Այնուհետև, Ադրբեջանի ներկայացուցիչն իր հերթին արձագանքեց իր «պատասխանի իրավունքով»: Հայ և ադրբեջանցի պատվիրակները հանդես եկան մի շարք դիտողություններով՝ պատասխանելով միմյանց մեղադրանքներին: Իսկ այդ ընթացքում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դժգոհեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վերաբերյալ Էրդողանի քննադատությունից՝ խիստ դատապարտելով նրան, տեղեկացնում է Jerusalem Post թերթը․
«Վարչապետ Նեթանյահուն քննադատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով ստախոս և ասելով, որ «նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով հերքում է հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի ոճրագործությունները, նա չէ, որ պետք է խրատներ տա Իսրայելին»: Նեթանյահուի մեկնաբանությունները ամենևին էլ չգոհացրեցին համայն հայությանը, որոնք մատնանշեցին, որ նրա ղեկավարությամբ է Իսրայելը մերժել Հայոց ցեղասպանության հավաստիությունը և արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչումը Կնեսետի (խորհրդարանի) կողմից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։