Մամուլ

Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի

Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի։ Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարության շուրջ սկանդալը օր օրի զարգանում է: Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր համացանցում հայտնվել է օդանավակայանի հայ աշխատակցուհու և նրա ռուս ղեկավարի սկանդալային ձայնագրությունը: Լսվում է, թե ինչպես է վերջինս նախատում է հայուհուն ՌԴ նախագահ Պուտինին հասցեագրված կոլեկտիվի նամակ-բողոքի տակ ստորագրելու համար, իսկ աշխատակցուհին մի կերպ արդարանում է իր արարքի համար: 

Ձայնագրությունը ապացուցում է, որ օդանավակայանի ղեկավարությունը իրոք կադրային ջարդ է իրականացրել: 

Կոնֆիդենցիալ աղբյուրից «Հրապարակին» հայտնի դարձավ  կադրային ջարդի սխեման: Հիմնական աշխատողներին տեղափոխում են պայմանագրային աշխատանքի, ապա ժամկետը լրանալուն պես հրաժարվում են պայմանագրերը երկարացնել:  

Աշխատողները որոշել են դիմել ՌԴ տրասնպորտային դատախազություն և հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: 

Սոչիի օդանավակայանի տնօրինությունը չի խոստովանում, որ ազգային հատկանիշով զտումներ է իրականացնում: Օգոստոսի մեկին օդանավակայանը պաշտոնապես հայտարարեց, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության պահանջներին: Ըստ օդանավակայանի ղեկավարների, աշխատակիցների մի փոքր խումբ վերջերս լուծել է օդանավակայանի հետ պայմանագրային հարաբերությունները, իրենց համար առանձնահատուկ պայմաններ պահանջելով: «Մենք գտնում ենք, որ այդ անձանց գործողությունները օրինաչափ չեն և ազգամիջյան թշնամություն են հրահրում», – ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հայաստանի պետական կառույցները՝ ԱԳՆ-ն, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Սոչիի հյուպատոսարանը զբաղվում են օդանավակայանի հայազգի աշխատակիցների հարցով: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ հայտնեց, որ ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի հետ իրավիճակը պարզելու համար: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն էլ հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը հանդիպում է կազմակերպել Սոչիի օդանավակայանի հայազգի մոտ 50 աշխատակիցների, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորների և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանի հետ: Ստեղծված  նախաձեռնող խումբը փորձելու է հարթել կոնֆլիկտը ՌԴ պատկան մարմինների հետ աշխատելով: 

Մեր տեղեկություններով, ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանը Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Կրասնոդարի մարզի ղեկավարության, ՌԴ տրանսպորտի նախարարության և օդանավակայանի տնօրինության հետ: 

Տվյալներ կան, որ աշխատանքից ազատվածների շրջանում մեծ են նաև այլ ազգերի ներկայացուցիչները: Հավանաբար, օդանավակայանի ղեկավարությունը որոշել է, որ ռազմավարական այդ օբյեկտում միայն էթնիկ ռուսներ պետք է աշխատեն:  

Սոչիի միջազգային օդանավակայանի  սեփականատերը «Ռուսալ» ընկերությունն է, որի նախագահը Օլեգ Վայտմանն է: Իսկ «Ռուսալ» միավորված ընկերության սեփականատերը, ինչպես հայտնի է, ռուսաստանյան խոշոր գործարար, միլիարդատեր, օլիգարխ Օլեգ Դերիպասկան է: Այս տարվա ապրիլին նա գնել է հայկական լավագույն գործարաններից մեկը՝ «Արմենալը»: Անմիջապես այս գործարքից հետո «Արմենալի» գործերը, ինչպես հայտնի է, վատացան: Մարդիկ ազատվեցին աշխատանքից, քանի որ Դերիպասկայի ընկերությունները հայտնվեցին ամերիկյան սանկցիաների տակ, և «Արմենալը» գրեթե ամբողջությամբ դադարեցրեց արտահանումները դեպի ԱՄՆ: 

Ի՞նչ նպատակով է Սոչիի միջազգային օդանավակայանների ղեկավարությունը ազատում հայկական ազգանուն կրող կադրերից: Հարցն այս մնում է չպարզաբանված: Հավանաբար, դրա արմատներն ավելի խորն են: Չի բացառվում, որ որոշ ուժեր այս կերպ ցանկանում եմ լարում առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում, ազգամիջյան թշնամանք հրահրել: 

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել