Քաղաքականություն

Ի՞նչ երեսով պիտի Ֆրանկլին Գոնսալեսի հորեղբոր ղեկավարած կուսակցությունը իշխանություն ստանձնելու եւս մի հայտ ներկայացնի

Ի՞նչ երեսով պիտի Ֆրանկլին Գոնսալեսի հորեղբոր ղեկավարած կուսակցությունը իշխանություն ստանձնելու եւս մի հայտ ներկայացնի, – այս մասին գրում է Armtimes.com-ը։

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն՝ դրանց առանցքային դերակատարները ոչ թե քաղաքական կուսակցություններն են (ինչպես սովորաբար լինում է այլ երկրներում), այլ լրատվամիջոցները։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքական ուժերն իրենց սպասարկող լրատվամիջոցների ու քարոզչամիջոցների օգնությամբ փորձում են ոչ թե բարձրացնել սեփական վարկանիշը, այլ նվազեցնել մրցակիցների վարկանիշները։

Ինչո՞ւ է մեզանում վիճակն այդպիսին։ Տեսեք՝ ստանդարտ իրավիճակներում գտնվող երկրներում քաղաքական կուսակցությունները փորձում են բարձրացնել սեփական վարկանիշը՝ ծրագրեր ներկայացնելով, զարգացման ռազմավարություններ մշակելով, կոնկրետ ոլորտներում կոնկրետ խոստումներ տալով եւ այլն, բայց մեզանում դա անհնար է։

Ի՞նչ երեսով պիտի, ասենք, Ֆրանկլին Գոնսալեսի հորեղբոր ղեկավարած կուսակցությունը իշխանություն ստանձնելու եւս մի հայտ ներկայացնի, կամ ո՞վ կհավատա այն ուժի խոստումներին, որի իշխանության տարիներին երկրի բնակչության 13-14 տոկոսն արտագաղթել է։

Դրա համար էլ, հասկանալով, որ սեփական վարկանիշը բարձրացնելն անհնար է, այդ ուժը ձգտում է մրցակիցների վարկանիշներն իջեցնել։ Ճիշտ նույն ձեւով են վարվում նաեւ մանր-մունր կուսակցությունները՝ ժամանակ առ ժամանակ իշխանությունների դեմ համատեղ հայտարարություններ անելով կամ չպատճառաբանված-ագրեսիվ ելույթներով։

Ռոբերտ Քոչարյանի մասին ընդհանրապես չարժե խոսել՝ նա իր հսկայական միջոցներով (իր իսկ խոստովանությամբ՝ իր ընտանիքը Հայաստանի 200 ամենահարուստ ընտանիքների թվում է) մի քանի լրատվամիջոցներ է ձեռք բերել, բարձրակարգ փաստաբաններ վարձել ու հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում ոչ միայն դատաիրավական համակարգը, այլեւ ողջ հասարակությանը։

Օրինակ՝ ասում է «ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է խախտել օրենքը» (սա ասում է մի մարդ, որը 1998-ին տեղեկանք էր ներկայացրել, թե իբր վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, նախագահ դառնալուց հետո էլ հրահանգել էր սրճարանի զուգարանում «հանգստացնել» իրեն բարեւած համակուրսեցուն)։ Ու նաեւ հեգնում է, թե իրավապահներն իր սեյֆից 27 հազար դոլարն առգրավել են շոկից, այսինքն՝ շոկի մեջ են ընկել, որ սեյֆում ոչ թե 4 միլիարդ դոլար էր, այլ ընդամենը 27 հազար։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նորմալ իրավիճակ է («դե հիմա ի՞նչ արտառոց բան կա այստեղ, եթե քաղաքական ուժերը չեն կարող սեփական վարկանիշը բարձրացնել՝ գոնե պիտի փորձեն մյուսներինն իջեցնել»)։ Բայց խնդիրն այն է, որ նման իրավիճակը քաղաքական ուժերին նաեւ որոշակի գործելաոճ է թելադրում։

Բարձր վարկանիշ ունեցող իշխող քաղաքական ուժին ձեռնտու է, որ երկրում ներքաղաքական կայունություն լինի, եւ հաջորդ իշխանությունները ձեւավորվեն քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, մինչդեռ բոլոր այն ուժերին, որոնք նորմալ ընտրությունների դեպքում խորհրդարանում հայտնվելու շանս չունեն, ձեռնտու են ցնցումներն ու ֆորսմաժորային իրավիճակները։

Որովհետեւ այդ դեպքում նրանք իշխանության հասնելու թեկուզ տեսական, բայց ինչ-որ հնարավորություն կունենան։ Այստեղից էլ՝ երկիրն ամեն գնով ապակայունացնելու, ցնցումներ հրահրելու եւ ապոկալիպտիկ սցենարներով ժողովրդին ահաբեկելու նրանց մարտավարությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել