Մամուլ

«Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որտեղ մեկ մարդու որոշումներով են առաջնորդվում»․ Տեր Սերոբ քահանա Ազարյան

«Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որտեղ մեկ մարդու որոշումներով են առաջնորդվում»․ Տեր Սերոբ քահանա Ազարյան

Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որտեղ մեկ մարդու որոշումներով են առաջնորդվում: Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: 
Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ Տեր Սերոբ քահանա Ազարյանը:

– Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը շարունակելու է հաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բան միայն եզրակացնել: Ադրբեջանին խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի:

Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ, որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական գաղափարախոսությունը սա է: Այսօր ահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան, որը մեզնից 100 անգամ ավելի մեծ է թվով եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է:

– Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որ չեն անում, մասնավորապես` Արցախի հարցում:

– Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելության հռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի, հայաստանցի-արցախցու այս կամ այն քաղաքական շարժումների, փոքրիկ թվաքանակով, սահմանափակ ռեսուրսներով եւ տնտեսությամբ ու նաեւ դիկտատորական ոգով կատարված կադրային փոփոխությունները:

Արցախ ասելով` հասկանում եմ նաեւ Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է նաեւ Հայաստանին: Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն գեներալիտետին պաշտոններից ազատելը, մարդկանց, ովքեր պատերազմական ուղով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց, բայց իրենց մասին շատ եմ լսել եւ կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում, թե կառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:

Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ սյուները քանդել: Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով, շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենք մտահոգ ենք:

Կադրային փոփոխությունները, եթե խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ:

Կիսվել