«ԳԹԿ-ի մասնագետը կրթական համակարգը դարձրել է խաղալիք իր ձեռքում». Դավիթ Գյուրջինյանը՝ նախաքննական նոր բիզնեսի մասին
Լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն առաջարկել է այս տարի 9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունն անցկացնել նոր կարգով. փոխադրություն գրելու փոխարեն աշակերտներն այս տարի լրացնելու են թեստ՝ հարցարան, կենտրոնացված կարգով։ Քննության այս փոփոխությունն առիթ է դարձել, որ շուկայում հայտնվեն «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի տարբեր ժողովածուներ։
Դ. Գյուրջինյանը հանդիպման ժամանակ վրդովված էր, ասաց, որ շտեմարանային բիզնեսին նմանվող նոր փուլ է սկսվում. «Շատ վատ բան եղավ, հնար լիներ, ասեի՝ ես հրաժարվում եմ իմ առաջարկությունից։ Մենք երկրորդ ճակատն ենք բացել՝ կոռուպցիայի, պետական մարմնի վարկաբեկման, կրթական համակարգն այսպես մատների վրա խաղացնելու»։
2018թ. ամռանը՝ Համահայկական կրթական համաժողովի ժամանակ, Դավիթ Գյուրջինյանը բարձրաձայնել է 12-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունների համար տպագրվող, շեշտում է, արատավոր շտեմարանների մասին։ Ասել է, որ քննության այլ կառուցվածք, գաղափար ունի, որը հրապարակվել էր դեռևս 2015թ.-ին, կիրառվել է համահայկական օլիմպիադաների ժամանակ, և աշակերտների գիտելիքները ստուգելու արդեն իսկ փորձված տարբերակ է։
Ընթերցողներին հիշեցնենք, որ այժմ «Հայոց լեզվի» ընդունելության քննության վերջնական հարցարանը շտեմարաններից դուրս առաջադրանքներ չի պարունակում։ Այդ պատճառով շտեմարանները լույս տեսնելուց հետո կարճ ժամանակում սպառվում են։
Այդ գրքերի համահեղինակների մեջ կան մարդիկ, ովքեր աշխատում են Գնահատման և թեստավորման կենտրոնում։ Ստացվում է, որ ԳԹԿ-ն, որը տարիներ շարունակ կազմակերպում է ընդունելության քննությունները, շատ նպաստավոր պայմաններ է ստեղծել հենց իր մասնագետների համար, ովքեր գումար են աշխատում այս գրքերի տպագրությունից։
Դավիթ Գյուրջինյանն առաջարկում էր մի հարցարան, որը ներառում է ոչ միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ՝ ենթակա մեքենական ստուգման, այլև հարցեր, որոնք ենթադրում են հակիրճ շարադրանք։ Դ. Գյուրջինյանի առաջարկը, որը սկզբնապես վերաբերել է ավագ դպրոցի շրջանավարտների քննություններին, ամենայն հավանականությամբ գործող շտեմարանները հանելու էր շուկայից։
Քննությանը պատրաստվելու համար բավարար էր լինելու միայն գործող ուսումնական ծրագիրը, և վերջնական քննության առաջադրանքները մինչև քննությունը չէին հրապարակվելու։ Որոշվում է, սակայն, այս տարբերակը առայժմ կիրառել ոչ թե բուհական, այլ ավարտական քննության ժամանակ:
«Մեր խնդիրն էր ունենալ քննության վերահսկողություն, գնահատականի հավաստիություն․․․ Ես նախատեսում էի 12-րդ դասարանի համար այդպիսի մի բան անել, որովհետև ամենամեծ խայտառակությունն այնտեղ էր, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա տեղափոխվեց 9-րդ դասարան։ Եվ հիմա տեսաք, թե ինչ ունեցանք. 12-րդ-ը չեղավ, որից սկսվել էր խոսակցությունը, և 9-րդ-ն էլ … Անբարեխիղճ մարդիկ անակնկալ մատուցեցին հանրությանը», – ասում է Դավիթ Գյուրջինյանը։