Փողոցային առևտրով զբաղվողների ակցիան ավարտվեց ավագանու անդամների հետ վեճով
Ավելի քան 20 առևտրական, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Երևանի փողոցներում, քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց են կազմակերպել և անհապաղ հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Հունվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ փողոցային առևտուրը պետք է կանխվի, քաղաքային իշխանությունները փոխզիջումային տարբերակ են գտել` այդ մարդկանց հատուկ հատկացված տեղեր տալով։ Բացի այդ, առևտրականներին ժամանակավոր պետք է քաղաքի շուկաներում տեղեր հատկացնեին անվճար։
Սակայն այսօր փողոցային առևտրով զբաղվողները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և վեճի բռնվել ավագանու անդամների հետ։ Նրանք պահանջում են թույլ տալ շարունակել առևտուր անել փողոցում և ուզում են հանդիպել քաղաքապետի հետ։
Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։
Ավելի վաղ «Գումի շուկա» կոչվող N2 շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը ասել էր, որ շուկայում մոտ 250 ազատ տաղավար կա, և նա պատրաստ է տրամադրել դրանք փողոցային առևտրով զբաղվողներին։ Առաջին ամիսը նրանք կկարողանան տարածքից օգտվել անվճար, սակայն երկրորդ ամսից պետք է օրական վճարեն 200-500 դրամ։ Նմանատիպ առաջարկով հանդես եկան նաև այլ տոնավաճառների և շուկաների սեփականատերերը։
Իսպիրյանի «ստվերից դուրս» գալու կոչին առարկեց առևտրականներից մեկը` Արամ Խաչատրյանը։
«Այդպես էր ՀՀԿ–ի ժամանակ, այդպես մնաց նաև Փաշինյանի օրոք։ Ոլորտները բարեփոխելու փոխարեն, նա միայն վատթարացնում է իրավիճակը։ Ես ինձ վրա զգացի տնտեսական անկումը և ինձ խաբված եմ զգում», – հայտարարեց Խաչատրյանը։
Սրան ի պատասխան Իսպիրյանը նշեց, որ տղամարդը ինչ-որ մեկի պատվերն է կատարում և քաղաքապետարանի մոտ պատահական չի հայտնվել։ Իսպիրյանը խոստացավ անձամբ գնալ Մալաթիայի շուկա` իրավիճակին ծանոթանալու համար, քանի որ առևտրականները նշեցին, որ շուկաներում նրանք ստիպված են վճարել ոչ թե սահմանված գինը` 200-500 դրամ, այլ ավելի շատ։ Ավելին, փողոցային առևտրականները նշեցին, որ շուկաներում սանիտարական պայմաններ չկան և այդ մասին խոսակցությունները բլեֆ են։
Առևտրականները խոստացել են քաղաքապետարան բողոքի գալ այնքան, որքան կպահանջվի հարցը լուծելու համար։
Երևանում փողոցային առևտուրը պաշտոնապես արգելված է 2011 թվականից։ Մինչև թավշյա հեղափոխությունը հետևողական պայքար էր տարվում բաց երկնքի տակ առևտուր անելու դեմ։ Իշխանափոխությունից հետո քաղաքի փողոցները կրկին լցվել են ապօրինի առևտրականներով` մայթերը բառացիորեն ինքնաշեն տոնավաճառների վերածելով։
Աղբյուր՝ armeniasputnik.am