«Ես ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ԱՊՏԱԿԵԼՈՒ»․ Գոռ Պետրոսյանի դիպուկ գրառումը
Գոռ Պետրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում, երեխաների դաստիարակությանը վերաբերող գրառում է կատարել․
«Մեծ աղջիկս 9 տարեկան է։ Ես նրան ապտակել եմ 1 անգամ։ Կախվել էր հյուրանոցի միջանցքի պատշգամբից, ու եթե 5 վայրկյան ուշանայի՝ կարող էր պատահել անուղղելին։ Ես վազում էի, չէի գոռում, որ չվախենա ու մինչև կհասնեի՝ ծրագրեցի՝ կիջեցնեմ, կնայեմ աչքերին ու մի հատ կապտակեմ, որ ամբողջ կյանքում հիշի, ու նման բան էլ չփորձի անել։
Հիմա, երբ տարիներ անց բացատրում եմ, թե ինչու եմ ապտակել, հասկանում եմ, որ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՍ ընդամենը ԱՐԴԱՐԱՑՈՒՄ է։ Ես ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻ ԱՊՏԱԿԵԼՈՒ, քանի որ ՄԵԿ ԱՊՏԱԿՆ ԷԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է։ Չգոռալ երեխայի վրա, չստորացնել, <<ապուշ, անդաստիարակ, հիմար․․․>> պիտակները չտալ, չպատժել՝ անտեսելով, սենյակում փակելով, չխփել, չծեծել․․․
Հասկանում եմ, որ բարդ չի հիշել, որ պետք չի անել էս ամենը, բայց նաև հասկանում եմ, որ շատ բարդ է իրագործելը, որովհետև դու հո քո ներսում լավ գիտես, թե ով ես քո երեխայի համար, երեխայիդ աչքերում։ Եթե ձագիդ համար դու հեղինակություն ես, մարդ ես, ում նա երազում է նմանվել, եթե նրա ընկերն ես, նրան հավասար ես, նրա գժությունների թիմակիցն ես ու <<հանցակիցը>> դու ԵՐԲԵՔ չես կիրառի ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ու ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ։
Եթե այդպիսին ես, ուրեմն գիտակցում ես ԾՆՈՂ լինելու արժեքն ու առաքելությունը, ուրեմն ուժեղ ես ու պատասխանատու, հասկանում ես, որ ՎԱԽԻՑ ՀԱՐԳԱՆՔ չի ծնվում, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԵՐ չի ծնվում, ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ չի ծնվում։
Վախից, ատելությունից, բռնությունից ծնվում են հոգեպես կոտրված, թևաթափ մարդիկ, ծնվում են նրանք, ովքեր վախենում են ապրել սեփական կանոններով, ծնվում են պոտենցիալ ստրուկներ, ովքեր ամբողջ կյանքում ԼՌԵԼՈՒ են ու ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, երբ որևէ մեկն իրենցից ավելի բարձր ու ինքնավստահ խոսի, ֆիզիկապես ուժեղ կլինի․․․
ԵՎ/ԿԱՄ հակառակը՝ ծնվում են ապագա բռնարարներ, չարության ու ագրեսիայի դինամիտի վրա ապրող մարդիկ, ովքեր պատուհաս են դառնում իրենց ընտանիքի, գործընկերների, հասարակության համար։ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԳՈՐԾԱԴՐՈՂ ԾՆՈՂ, քանի որ մենք միշտ ընտրում ենք ՀԵՇՏ ՈՒՂԻՆԵՐ․ գոռացիր՝ լռեց, խփեցիր՝ էլ չարեց էն, ինչ չես թողնում, փակեցիր սենյակում՝ մի երկու ժամ էլ դեմքը չես տեսնի։ ԲԱՅՑ․․․ ես կարևոր լուր ունեմ հայտնելու՝ ՎԱԽԵՑԵ՛Ք ԳՈՆԵ ԱՊԱԳԱՅԻՑ։
Նայե՛ք ձեր շուրջն ու տեսեք, թե քանի մարդ է օր ծերության միայնակ ապրում, երբ ունի մեկից ավելի երեխաներ, քանի տարեց մարդ է արժանանում ընտանիքի անդամների կոպիտ վերաբերմունքին։ Դա շատերին կցավեցնի, բայց իմ համոզմունքն է՝ միայնության, անտարբերության կամ կոպիտ վերաբերմունքի արժանացող մեր ավագները մեծամասամբ իրենք են մեղավոր ստեղծված վիճակի համար, քանի որ հայտնի է՝ ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵԼՈՒ ԵՍ։ Մի՛ ստիպեք, որ ձեր երեխաները մտածեն, թե ԾԵԾԵԼՆ ՈՒ ԾԵԾՎԵԼԸ ՆՈՐՄԱ Է։ Ձեր երեխաներին ՍՏՐՈՒԿԻ մի՛ վերածեք»։