«Իմ կինն իմ հերոսուհին է». Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկների առաջին ֆոտոշարքը (Լուսանկարներ)
«Իմ կինն իմ հերոսուհին է». Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկների առաջին ֆոտոշարքը (Լուսանկարներ)
Անիրական հեքիաթ թվացող, սակայն իրական երջանկություն. այսպիսին է այսօր հեռուստամեկնաբան Դավիթ Գրիգորյանի կյանքն ու առօրյան: Դավիթի և նրա սիրելիի՝ Մանուշակի կյանքն արդեն 2 ամիս է, ինչ վերածվել է հաճելի հոգնածության:
Նրանց ընտանեկան պատկերը վառ գունավորում է ստացել՝ համալրվելով միանգամից 2 դուստրերով, որոնց լուսանկարները Դավիթը դեռևս չի հրապարակել:
Ամեն տարի իրենց ամուսնության օրը տոն դարձնող և կնոջը ևս մեկ անգամ ամուսնության առաջարկություն անող Դավիթի ոգևորությունն ու երջանկությունը սահման չունի: Ծանրաբեռնված աշխատանքի հետ նա հասցնում է կնոջ՝ Մանուշակի պես երազել քնելու մասին, գիշերները խնամել փոքրիկներին և նրանց բոլորին տանել զբոսանքի:
– Մանուշակին ի՞նչ կերպ եք շնորհավորել ծննդյան առթիվ:
Մանուլս ծնվել է ցերեկը՝ ժամը 5-ին: Նրա ծնունդը սովորաբար հենց այդ ժամին եմ շնորհավորում, քանզի այդ շնորհավորանքն ավելի անկեղծ է: Սակայն այս անգամ պատրաստածս անակնկալը պետք էր գիշերը հանձնել:Մեր բնակարանի վերանորոգումից հետո երկար մտածում էինք, թե մեր ընտանեկան պորտֆոլիոն ինչպես ենք տանը դասավորելու:
Լուսանկարիչ սանիկիս խնդրեցի մի պատրվակով լուսանկարել մեզ ու բալիկներին և գիշերը տասնյակից ավելի նկարների կոլաժը գրկած տուն մտա ու անակնկալը մատուցեցի աշխարհի ամենաշքեղ կնոջը: Իմ թռչնակի՝ կնոջս պայծառության շնորհիվ նրա կողքին գտնվելու ամեն վայրկյանն էլ ինձ համար է ծնունդ: Իր ծնունդն իմ վերածնունդն է:
– Ի՞նչ անակնկալ էիք պատրաստել նրա համար:
Մեր ընտանիքի նոր շրջանի, բալիկների ծննդյան, լիակատար ընտանիքի ու բացառիկ երջանկության ֆոտոշարքը:
– Մի փոքր կներկայացնե՞ք ձեր տանը տիրող այսօրվա իրավիճակը. այնուամենայնիվ, կա ակնհայտ փոփոխություն:
– Վերջին երկու ամսում, երբ հարցնում են, թե ինչպես եմ, պատասխանում եմ՝ քնած: Լուսինն ու Սիենան արթնանում, ուտում, լացում են, երբ ուզում են: Նրանք վայելում են իրենց ժամանակը: Իսկ մենք… մենք վայելում ենք նրանց դեմքին մերթ-մերթ հայտնվող ժպիտներն, իսկ ողջ հոգնածությունը, որը կարող է կուտակվել օրվա ընթացքում, կորում է ակնթարթում: Երբ ամուսնացած ես,կյանքը թվում է շատ ավելի դյուրին ու հասանելի: Բալիկների հետ դու դառնում ես լիարժեք: Միայն երեխա ունենալուց հետո ես գիտակցում, թե որքան զգացողություն կա, որ երբեք չէիր զգա, եթե բալիկներ չլինեին:
Բացատրել, թե ինչ եմ զգում… անհնար է: Անհավանական է նկարագրել, և դժվար է անգամ ըմբռնել կյանքում տեղի ունեցածը: Կարծում եմ՝ ինձ և Մանուլիս դեռ երկար ժամանակ պետք կլինի, որ գիտակցենք մեր ծնող լինելը: Բայց մեկնարկն այնքան անհավանական է, որ կյանքն անկասկած բաժանվել է երկու հավասար մասի: Ու վստահաբար եմ ասում, որ երկրորդ մասն անհամեմատ ավելի պայծառ է, քան առաջինն էր:
– Բա՞րդ է արդյոք երեխաների խնամքով զբաղվել. հոգնու՞մ եք, լինու՞մ են երբեմնի բողոքներ:
– Հոգնելու մասին խոսք անգամ չկա: Նրանց ամեն տնքոց-նվոց մեզ համար տագնապի առիթ է: Ամեն ինչ համակարգում ենք միասին: Գիշերները հերթականությամբ արթնանում ենք, բալիկների կարիքներով զբաղվում, միասին գնում ենք զբոսնելու, միասին Մոցարտ ու Բախ ենք լսում: Ես, որ երբևէ մանկական տակդիր իրականում տեսած չկայի, հիմա կարծես մանկական տակդիրի աշխարհի կրկնակի չեմպիոն լինեմ: Սակայն սա զուտ տղամարդկային զարմանքս է, որ ինձ մոտ այդ ամենը ստացվում է:
Իրականում ապշած եմ, թե որքան ուժեղ է կինը, որքան էներգիա կարող է ունենալ մայրանալուց հետո: Անգամ ամենաուժեղ ու ճկուն տղամարդը երբևէ չի կարող իրեն համեմատել կին-մայրիկի հզորության հետ: Մանուշակիս պարագայում դա առհասարակ ֆանտաստիկայի ժանրին է նմանվում: Օրական փաստացի քնել ոչ ավել, քան երեք ժամ ու դրա հետ մեկտեղ հասցնել ամեն բան՝ ժպտալ, հիանալ, չբողոքել, չթուլանալ: Սա ինչ-որ ուժ է, որ կնոջը տրվում է բնության կողմից: Որքան էլ փորձեմ օգնել նրան, միևնույն է, կինս ֆենոմենալ ուժեղ է: Իմ կինն իմ հերոսուհին է:
– Երեխաների ծնունդից հետո ձեր առօրյայում և կյանքում ի՞նչ նոր փոփոխություններ կան. նախկինում կարող էիք, իսկ այսօր՝ երկուսի հետ ոչ:
– Առաջ կարող էր երեկոյան խելքներիս փչել ու որոշեինք մեկնել Հռոմ, առավոտյան այդպես էլ անում էինք. գնում էինք տոմսն ու մի քանի ժամից արդեն զբոսնում Հռոմի փողոցներով: Իսկ հիմա, խելքներիս կարող է փչել միայն մի երկու ժամով աչք կպցնել ու հանգստանալ: Սահմանափակումները շատ են, բայց դա բնական է: Կյանքիդ բոլոր առաջնահերթությունները փոխվում են: Նախկինում մենք պատկանում էինք մեզ, հիմա՝ նրանց: Փոխվել է նաև այն, որ մենք սկսել ենք ինքներս մեզնից պահանջել ավելին: Մինչև ճտերի ծնունդը գուցե բավարարվեինք որևէ հաջողությամբ ու նվիրվեինք ցանկություններին:
Այժմ նպատակները մեծացել են, հորիզոնները՝ լայնացել, հնարավորությունները՝ ավելացել, իսկ կարողությունները՝ տասնապատկվել: Բալիկները մեզ չեն գամում կենցաղին ու առօրյային: Նրանք արդեն նմանվում են մեզ՝ պարտադրելով առաջ ընթանալ, չդադարել կատարելագործվել, սլանալ աշխատանքի ու հաջողությունների ճանապարհով: Նրանք մեր զույգ մարտկոցներն են հիմա: Այնքան էներգիա, որքան նրանք են փոխանցում Մանուլիս ու ինձ, որևէ այլ երևույթ աշխարհում չի կարող: