Մամուլ

Գազի սակագինը կիջեցվի 10 դոլարով. ՀՀ-ին սպասվում է «փաստարկված կռիվ» ՌԴ-ի հետ

Հայաստանը Ռուսաստանից մատակարարվող բնական գազի դիմաց մինչև այս տարվա վերջ վճարելու է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։

Փաշինյանի և Բաղրամյանի զրույցը տեղի է ունեցել գերատեսչության կուլուարներում և հեռարձակվել վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով։ Փաշինյանը սկզբից հետաքրքրվել է` հիմա որ փուլում են գազի վերաբերյալ բանակցությունները և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Բաղրամյանն ասել է, որ մի հանդիպում արդեն եղել է։ Բայց չի նշվում, թե հանդիպմանն ինչ ձևաչափով է մասնակցել ռուսական կողմը։

Ի պատասխան Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է` նոյեմբերի 8-ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մի հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։ Նրա խոսքով` որքան շուտ ձևավորվեն առաջարկներն, այնքան լավ։ Բաղրամյանը նաև ասել է, որ 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։ «Անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով»,- ասել էր Փաշինյանը։

«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։ Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար:

Ավելի վաղ՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը հայտարարել էր, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում հնարավոր է գազի սակագինը նվազեցնել 10 տոկոսով եւ էլեկտրական հոսանքի սակագինը՝ 10 դրամով:

Նրան հակադարձել եւ այդ հայտարարությունը մանիպուլիատիվ էր որակել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Էլեկտրական հոսանքի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորությունը հերքել էր նաեւ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը:

Փորձագետները կարծում են, որ առաջիկայում սակագների թեման դառնալու է երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ «Ու այդտեղ անհնար է լինելու խուսափել շահերի մեծագույն բախումից եւ ուղղակի խայտառակ բացահայտումներից։ Ստացվում է՝ թավշյա հեղափոխությունը մտնում է նաեւ բնական մենաշնորհների ոլորտ»,- նշում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի կարծիքով՝ տարիների ընթացքում սակագների ոլորտում իրավիճակն էապես չի փոխվել, քանի որ խնդրի լուծման բանալիները քաղաքական եւ աշխարհաքաղաքական ոլորտում են։

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել