Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը
«Հայկական ժամանակ»-ը գրում է․ 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազությանը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը:
Այս մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ տարիներ առաջ մահացել է Պողոս Պողոսյանի կինը՝ Զոյա Պողոսյանը: Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի եւ Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջեւ ծագած «փոխադարձ քաշքշուկի» արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է:
Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: «Անզգույշ» սպանության գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը. վերջինս հայտնի է որպես քաղաքական աղմկոտ գործերը քննած եւ հօգուտ իշխանության դատավճիռներ կայացրած դատավոր:
Հենց Մնացական Մարտիրոսյանն էլ Կուկուին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման: Այնինչ, Պողոսյանի հարազատները պնդել են, որ Պողոսյանին ծեծելով սպանել են. ընդ որում, նրա կինը՝ Զոյա Պողոսյանը, դեպքից 1 տարի հետո դաժան մանրամասներ է պատմել «Առավոտ»-ին: Ըստ այդմ՝ Պողոսյանը պատմել է, որ ամուսնու մատները ջարդված են եղել.
«Երկրորդ օրը պարզ երեւում էին բռունցքների տեղերը եւ շլանգով թե ինչով քաշված կարմիր գիծը եւ բկի ուռածությունը լավ արտահայտված էր։ Ես ծանոթացել եմ նախաքննության արդյունքներին, դատաբժշկական փորձաքննության նյութերի մեջ գրված է, թե ինքն ամբողջ կյանքում տառապել է թքագեղձերի ադենոմայով։ Ես 20 տարուց ավելի նրա հետ ապրել եմ, բայց Պողոսի մոտ ոչ մի հիվանդություն չեմ տեսել։ Եվ թքագեղձի ադենոման ուրիշ բան է, այդ ուռածությունը ուրիշ բան է։ Ախր, շլանգը գցել են, քաշել են, արյունը հավաքվել է, լերդացել է։ Եվ հետո, ճակատին խփածը երկու ուղիղ, խորը գծեր են։ Ես ատրճանակ չեմ տեսել, բայց բոլոր տեսնողներն էլ ասացին, որ դա ատրճանակի կոթով խփած է։ Ես ձեռք տվեցի ճակատին, տեսա, որ ոսկորը ջարդված է, փափուկ-փափուկ էր։ Մատները եւս ջարդված էին։ Էդ թիկնապահները ոչ մի մարդկային հատկանիշ չունեն, ջարդել են մարդուն»,- պատմել էր Զոյա Պողոսյանը:
Սպանությունից մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Քոչարյանն այս տարիների ընթացքում ցավ ու ափսոսանք չի հայտնել Պողոս Պողոսյանի սպանության համար:
Երեկ մեր զրույցում Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերաբացվի գործը, նոր քննություն կատարվի եւ բացահայտվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը դրանում, որի հրամանով է սպանությունը կատարվել: Մեր ճշտող հարցին՝ այսինքն, Անդրանիկ Պողոսյանն այն դիրքորոշմանն է, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանով է տեղի ունեցել սպանությունը, որդին դրական պատասխան տվեց.
«Միանշանակ, չի կարող իր թիկնազորը նախագահին թողնի ու հետ վերադառնա, եթե հրաման չկա հատուկ դրա համար…Վերջերս նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Քոչարյանը հրամայել է՝ «տարեք սատկացրեք», ես այս արտահայտությունը էլի շատ մարդկանցից եմ լսել, այսինքն, բացարձակ հրաման է տվել տանել «սատկացնելու»: Բացի դա Մարկ Գրիգորյանի հարցազրույցը կար մամուլում, որտեղ նշվում էր, որ իր դեմ մահափորձ է եղել այս թեմայի շուրջ խոսելու համար: Այնպես որ նման հիմքեր կան Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացելու համար»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը:
Վերջինս մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի բացառվում, որ Պողոսյանի սպանության գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտել է թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Կուկուն եւ թե այն ժամանակվա ԱԱԾ աշխատակից թիկնապահները.
«Հավանաբար իրենք են հենց ճնշումներ գործադրել դատական համակարգի եւ նախաքննության վրա: Իզուր չէր, որ չնայած վկաների ցուցմունքներին, այդ մարդը (Կուկուն,-հեղ.) այդպես էլ չնստեց, 7-8 հոգով են սպանել, մեկի վրա են գործը կարել, էդ մեկին էլ նույնիսկ մեկ օր չեն ձերբակալել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե մյուս 7-8 հոգու ինքնությունը հայտնի՞ է, Պողոսյանն ասաց, որ նրանք թիկնապահներն են. «ԱԱԾ-ին ավելի հայտնի է, Գուրգեն Արսենյան կար (այս գործով առանցքային վկա է եղել եւ դեպքից հետո էլ շարունակել է շրջել Քոչարյանի հետ եւ պահպանել նրա անվտանգությունը,-Տ.Խ.) մյուսների անունները ես ուղղակի հիմա չեմ հիշում»,- նշեց Սամվել Պողոսյանը:
Մեր հարցին, թե ակնկալիքներ ունե՞ք, որ Պողոս Պողոսյանի սպանության գործը կբացահայտվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, Պողոսյանն ասաց.
«Իհարկե, այն ժամանակ ցույց տվեց մեր արդարադատության համակարգի փտածությունը, չկայացածությունը եւ ես հույս ունեմ, որ այսօր արդարադատության համակարգը գոնե աշխատում է եւ ցույց կտա, որ արդարությունը վերականգնվում է»:
Անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացված մեղմ դատավճռին, Պողոսանն ասաց, որ գործընթաց պետք է սկսվի պարզելու՝ արդյոք դատավորը չարաշահել է իր լիազորությունները, կամ կաշառք վերցրե՞լ է, թե՞ վախեցրել են, որ նման անարդարացի վճիռ կայացնի: Մեր հարցին, թե այս ընթացքում Քոչարյանը ցավակցե՞լ է ընտանիքի անդամներին, կամ կապ հաստատե՞լ է նրանց հետո, Պողոսյանը պատասխանեց.
«Բնականաբար, որեւէ կապ չի եղել, մենք Քոչարյանի հետ որեւէ կապ չունենք: Նույնիսկ փորձեցին մամուլում կեղծ լուրեր տարածել, թե իբր ընտանիքին կաշառել են, փող են տվել, բայց նման բաներ, վստահեցնում եմ, չի եղել ու չէին էլ կարող լինել, մենք մինչեւ վերջ բոլոր դատական մարմիններին դիմել ենք, մերժում ենք ստացել, իսկ եվրոպական դատարան գնալու համար այդ գումաները չունեինք: Ինչ վերաբերում է գործը փակելուն, մենք փակելու միտք երբեք չենք ունեցել ու չունենք…7 հոգով մարդուն ծեծելով սպանում են, անզգույշ սպանությունը ո՞րն ա էդտեղ, վերջում ատրճանակի կոթով հարվածելով գլխին, դրա մեջ անզգույշ սպանությունը ո՞րն է»:
Ճշտող հարցին, թե դատախազությունից իրենց դիմումին պատասխանե՞լ են, Պողոսյանն ասաց, որ դատախազությունից մեկ անգամ հորը՝ Անդրանիկ Պողոսյանին, կանչել են.
«Ասել են՝ ստացել ենք, զբաղվում ենք, 2 անգամ ԱԱԾ-ից զանգել հետաքրքրվել են, թե ինչպես է դատախազությունում ընթանում դիմումը, բայց դատախազությունից մենք ոչ գրավոր պատասխան ենք ստացել ոչ էլ. բավական երկար ժամանակ է անցել: Մենք կուզեինք արդարարությունը վերականգվեր, այդքան բան, կուզեինք, որ վարչապետն էլ արձագանքեր այս խնդրին, որովհետեւ իրեն էլ ենք դիմում ուղարկել, բայց պատասխան չենք ստացել»,- մեր զրույցում եզրափակեց Սամվել Պողոսյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքվեցինք, թե ինչ փուլում է Պողոսյանի հարազատների դիմումը, ինչին ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդաան Գոռ Աբրահամյանն ասաց.
«Դիմումի հիման վրա Երեւան քաղաքի դատախազությունում կազմակերպվել է Պողոս Պողոսյանի եղբոր ընդունելությունը՝ նշված գործով հնարավոր նոր երեւան եկած հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սակայն հանդիպման ընթացքում նման տեղեկություններ կամ տվյալներ չեն հայտնվել: Սակայն քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե իրեն հայտնի կլինեն նման տվյալներ կամ տեղեկություններ, դրանք կարող է ցանկացած պահի ներկայացնել դատախազությանը կամ իրավապահ այլ մարմինների եւ բավարար հիմքերի առկայությամբ դրանցով կարող է ապահովվել անհրաժեշտ քրեաիրավական ընթացակարգ»:
Այսինքն՝ դատախազությունը առայժմ չի պատրաստվում նոր քննություն սկսել՝ պարզելու Պողոս Պողոսյանի սպանության իրական հանգամանքներն ու դրդապատճառները, կատարող (ներ)ին եւ ամենակարեւորը՝ սպանության պատվիրատուին:
Աղբյուր՝ armtimes.com