«Կինս վատ վիճակում էր, կապտած, իսկ բժիշկը հեռախոսով խաղ էր խաղում». պատմում է մահացած ծննդկանի ամուսինը
Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 24-ին արված կեսարյան հատումից հետո մայիսի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Կարինե Ալեքսանյանի հարազատները կարծում են՝ ծննդկանը մահացել է բժիշկների անգրագիտության պատճառով:
NEWS.am-ի հետ զրույցում 32-ամյա Կարինեի ամուսինը՝ Սայաթը, պատմեց, որ կինը հղիության ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել, հետազոտությունների արդյունքում նույնպես խնդիրներ չեն հայտնաբերվել:
«Ապրիլի 10-ին կինս զանգեց աշխատանքի վայրից, ասաց՝ մի քիչ լավ չի զգում, գնացինք հիվանդանոց, հետազոտեցին, մեզ մոտեցավ հղիությունը վարող բժշկուհի Վերժինե Կասարջյանն ու ասաց՝ լավ կլինի, որ պառկի, բայց կինս չուզեց: Ես էլ բժշկուհուն ասացի, որ ինքը պիտի որոշի՝ կինս պառկի, թե ոչ: Բժշկուհին մեզ բացատրեց, որ գրիպոզ վիճակ է, լուրջ բան չկա, դեղեր գրեց՝ հակաբիոտիկ ու պարացետամոլ, եկանք տուն»,- պատմեց Սայաթը:
Կարինեին, սակայն, բուժումն օգուտ չի տվել, ավելի քան 10 օր նա ջերմել է, հազ ունեցել: Սայաթի խոսքով՝ այդ օրերին պարբերաբար բժշկի են գնացել, մի անգամ նույնիսկ հոսպիտալացրել են, բայց հաջորդ օրը դուրս գրել՝ վստահեցնելով, որ վիճակը լավ է. «Ապրիլի 19-ին նորից ենք գնացել, 2 օր կինս պառկեց, ամսի 21-ին էլ ասաց, որ բուժումը չի օգնում, եթե սիստեմաներ պիտի ստանամ, ավելի լավ է՝ տանը ստանամ, ստորագրել ենք, եկել տուն: Ամսի 23-ին մեր բարեկամ բժշկուհին մեր տանը լսել է Կարինեի թոքերն ու ասաց, որ մի թոքը չի լսում, մենք էլ արագ հիվանդանոց ենք գնացել»:
«Սլավմեդ»-ում Կարինե Ալեքսանյանին կրկին հոսպիտալացրել են, խորհուրդ տվել շատ հեղուկ օգտագործել, իսկ հաջորդ օրը ստացված հետազոտությունների արդյունքներով ախտորոշել են ՀԵԼԼՓ ու որոշում կայացրել կեսարյան հատում անել:
«Ամսի 24-ին մտնում եմ բժշկի սենյակ, տեսնեմ՝ հեռախոսով խաղում է, իսկ Կարինեն էնտեղ ծայրահեղ վիճակում, կապտած, մեզ չկա, կատետր են դրել: Բժշկին հարց եմ տալիս, ինքը հեռախոսով խաղ է խաղում: Հերթապահ բժիշկն ինձ բացատրում է, որ պտուղ-օրգանիզմ անհամատեղելիություն կա, պետք է կեսարյան անել: Զանգում եմ Վերժինե Կասարջյանին, նույնն էլ ինքն է ասում: Վերժինեն ինձ ասում է՝ հիմա երեխային կհանենք ու ամեն ինչ լավ կլինի: Կեսարյանից հետո, սակայն, ԿՏ են անում ու պարզում, որ երկկողմանի թոքաբորբ ունի»,- շարունակեց Սայաթը:
Ամուսնու պնդմամբ՝ մինչեւ այդ բժիշկներից ոչ մեկը թոքաբորբի կասկած չի հայտնել, չնայած Կարինեն օրեր շարունակ հազացել է, 38-39 աստիճան ջերմություն ունեցել: Սայաթը զարմացած է՝ ռենտգեն էին արել, ինչպե՞ս թոքերում ոչինչ չեն նկատել. «Ամսի 19-ին ռենտգեն էին արել, բայց թոքերը մաքուր են եղել՝ իրենց ասելով: Չգիտեմ՝ միգուցե լավ չեն ստուգել, ճիշտ չեն նայել, չեն հասկացել: Կնոջս մահից հետո շատ բժիշկների հետ եմ խոսել, մեծ մասն ասել է՝ դեռ ամսի 15-ին պետք է կեսարյանն անեին ու դրանից հետո բուժում սկսեին: Բայց իրենք կեսարյանն արեցին ամսի 24-ին, ընդ որում՝ շատ մասնագետներ ասում են, որ թոքաբորբով հիվանդին նարկոզ չեն տալիս, վտանգավոր է շատ: Ու հենց կեսարյանից հետո կնոջս վիճակն այդպես վատացավ»:
Ապրիլի 25-ին Կարինե Ալեքսանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Սայաթը պատմեց, որ բուժման ամբողջ ընթացքում այնտեղ իրենից դեղորայք ու սարքավորումներ են պահանջել. «Հանրապետականում էլ ամեն առավոտ մեզ ասում էին՝ ծայրահեղ ծանր է, ու ցուցակ էին տալիս, ուղարկում դեղեր առնելու: Ամբողջը մենք ենք առել, թոքերից ջուր քաշելու սարքերը նույնիսկ»:
Դեպքից 3 ամիս անց Սայաթը չի հասկանում՝ ինչից է կինը մահացել, ում մեղավորությունն է: Հարազատների հաղորդման հիվան վրա քրեական գործ է հարուցվել, նշանակված է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք բժշկական սխալ կա:
«Կինս ապրիլի 10-ից ջերմել է, հազ, ցավեր մեջքի շրջանում, փսխել է, 38-39 է եղել ջերմությունը: Ամսի 10-ից մենք եղել ենք հսկողության տակ… մեզ համար պարզ չի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է մահացել կինս: Բժիշկ ծանոթներ կան, որ ասում են՝ նարկոզի բժիշկն է մեղավոր, որ թոքաբորբով հիվանդին նարկոզ է տվել: Չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել»,- նշեց Սայաթը:
32-ամյա կնոջ հարազատները հույս ունեն, որ իրավապահներն արդար քննություն կիրականացնեն ու մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Աղբյուր՝ news.am