Մամուլ

Ամոթ է, իմ ամուսինն աղանդավոր չէ. Անահիտ Ավանեսյան

Մայր Աթոռը Վեհափառից «ազատագրելու» Նիկոլ Փաշինյանի ձգտումների, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու և իր ամուսնու՝ այլ եկեղեցու հետևորդ լինելու, աղանդների ու աղանդավորական շարժումների վերաբերյալ MediaHub-ը զրուցել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ 

-Տիկին Ավանեսյան, Դուք Հայ Առաքելական Եկեղեցու հետևո՞րդ եք։

-Այո, մկրտված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։

-Ո՞վ է մկրտել Ձեզ, հիշո՞ւմ եք։

-Մկրտվել եմ Սուրբ Զորավոր եկեղեցում, հիմա չեմ հիշի հոգևորականի անունը։ Դա եղել է այն ժամանակ, երբ ես 12-13 տարեկան էի։

-Ձեր խիղճը՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդի, մաքո՞ւր է, որ Դուք, մաս եք կազմում մի քաղաքական ուժի, որի կազմում ստիպված եք տեսնել, մի բան էլ՝ մաս կազմել ու աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների դեմ արշավանքներին ու ասպատակությանը։ 

-Գիտե՞ք, մեր քաղաքական ուժի տարբերությունը այն է, որ մենք ոչ մի բան ստիպված չենք անում։ Մենք ունենք գաղափարներ, մենք ունենք Հայաստանի զարգացման տեսլական, և մենք ազնիվ, մեր խիղճը մաքուր պայքարում ենք այդ տեսլականի համար։ Եվ ինչպես ցույց է տալիս իրականությունը, նաև ունենք ժողովրդի աջակցությունը։ Այո, իմ խիղճը մաքուր է, որովհետև ես կարծում եմ, որ կեղծավորությունը պիտի ինչպես մեր երկրի այլ ոլորտներից, այնպես էլ այդ սուրբ ոլորտից պիտի դուրս գա։

-Հիմա՞։ Հիմա՞ որոշեցիք, որ կեղծավոր են այդ ոլորտում գտնվող մարդիկ։

-Ի՞նչ է նշանակում՝ հիմա, երեկ, վաղը։ Ցանկացած բան տեղի է ունենում ինչ-որ ժամանակի մի կետում։

-Դուք երբևէ Վեհափառ Հայրապետի հանդեպ, օրինակ, ակնածանքով լցված եղե՞լ եք, երբևէ նրա հետ մոտիկից հանդիպե՞լ եք, շփվե՞լ եք, Ձեր խոնարհումը հայտնե՞լ եք նրան՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ։

-Գիտե՞ք, ես կաթողիկոսի ընտրության ժամանակ դեռ դեռահաս էի, և երբ տեղի էր ունենում Ազգային ժողովի գնդակահարությունը և այն ընթացքը, ինչ որ տեղի էր ունենում կաթողիկոսի ընտրության ժամանակ, և ինչպես եղան այդ ընտրությունները, իմ մանկության նաև խորը ցնցումային հիշողություններից են։ Նաև «Մարտի 1»-ին, երբ մենք գտնվում էինք Ազատության հրապարակում, և որպես բռնաճնշումների, ուղիղ ուժի և բռնության զոհ էինք հանդիսանում, այդ ժամանակ ակնկալում էինք, որ կաթողիկոսը հանդես կգա գոնե ինչ-որ մի զսպող կոչով, ինչ-որ ձևով մեր կողքին կկանգնի՝ որպես հենց մեր եկեղեցու առաջնորդ, որպես հոգևոր հայր, բայց միայն լռություն ստացանք։

-Ես հիշում եմ, որ պարբերաբար, թե՛ նախորդ իշխանությունների օրոք, թե՛ այս իշխանության օրոք բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներում տարբեր հոգևորականների կանգնել են ցուցարարների և ոստիկանության միջև, որ թույլ չտան բախումներ լինեն, նաև Վեհափառ Հայրապետն է իր խոսքը ասել, փորձել հանդարտեցնել կողմերին։

-Եղել է, բայց դա եղել է լրիվ այլ կոնտեքստում և միայն 2018 թվականից հետո, չգիտես ինչու, Վեհափառ Հայրապետը էդպես մտահոգվեց։

-Գուցե տեսա՞վ, թե ինչ աղետալի հետևանքների են հանգեցնում ձեր իշխանության գործողությունները մեր երկրի համար։

-Գիտե՞ք ինչ, «Մարտի 1-ին», երբ կոնկրետ իմ ամուսնուն հարվածներ էին հասցնում, երբ որ մենք էնտեղ էինք, և երբ որ մարդիկ գնդակահարվեցին, մենք ստացանք լռություն։

Անահիտ Ավանեսյան

-Ի դեպ, Ձեր ամուսնու մասին։ Երբ Դուք նոր էիք նշանակվել նախարար, ես այն ժամանակ Ձեզ այդ հարցը տվեցիք, և Դուք խոստովանեցիք, որ Ձեր ամուսինը ինչ-որ աղանդավորական շարժման հետևորդ է, կարծեմ՝ Ռեմա աղանդի։ Հիմա Դուք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետորդ, ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Ընդհանրապես, Հայաստանում նախ կա հավատքի և խղճի ազատություն, և ես որևէ բան չեմ խոստովանել, դա գաղտնիք չէ, որ խոստովանեմ։ Դուք էդպես երանգ մի՛ տվեք։ Այո, իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, վերապատվելի Յուրի Ավանեսյանի որդին է, իմ ամուսնու հայրը եղել է Հայաստանում Ավետարանական եկեղեցու այն եզակի վերապատվելիներից, ովքեր այս երկրի զարգացման մեջ շատ մեծ ներդրում են ունեցել։ Կարող եք նայել, փնտրել, գտնել, և ես շատ հպարտ եմ, որ այդ ընտանիքի մաս եմ կազմում։ Այո, ես հանդիսանում եմ Հայ առաքելական եկեղեցու անդամ, իմ ամուսիմնը, նրա հայրն ու ընտանիքը Ավետարանական եկեղեցու հետևորդ են։

-Դա աղա՞նդ չէ, Ձեր ամուսինն աղանդավո՞ր չէ։

-Գիտե՞ք, ամո՛թ է, Հայ ավետարանական եկեղեցուն աղանդ ասելը ամո՛թ է։

-Ինչո՞ւ, եթե Հայ առաքելական եկեղեցուց շեղվում են, աղա՞նդ չեն։ Այն ժամանակ, որ Թոնդրակյան շարժում կար, Պավլիկյան շարժում կար, դրանք աղանդնե՞ր չէին։

-Հարգելիս, ես Ձեր հարցին պատասխանեցի, Դուք ուզում եք վիրավորել՝ չի ստացվի։ Ես Ձեզ ասում եմ այն, ինչ ասում եմ, ես հպարտ եմ, որ այդ ընտանիքի մաս եմ կազմում, և նման ազնիվ, այս երկրին ծառայող անձանց հետ բարեկամ եմ, և ամուսինս այդ ընտանիքի անդամ է։

-Իսկ ինչո՞վ է տարբերվում, օրինակ, Ավետարանական եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուց, որ Ձեր ամուսինը հենց դա է ընտրել։

-Ես կարող եմ իմ ամուսնու կոնտակտները Ձեզ փոխանցել, նա ավարտել է Լոնդոնի թեոլոգիական համալսարանը, ունի աստվածաբանական կրթություն, և կարող եք նրա հետ կապ հաստատել, նա Ձեզ մանրամասն և սիրով կբացատրի։ Ես այդքան գիտելիք չունեմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում