ՄամուլՇոու-բիզնես

Ուրեմն մենք հայ ազգի «մուտանտներն» ենք, ճիշտը Թաթուլ լսելն է․ ի՞նչ կարող ենք պահանջել նման մարդկանցից «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ Ապրիլի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի հոբելյանական մենահամերգը՝ «Թաթուլ եւ ընկերներ» խորագրով։ Համերգը նվիրված էր նրա 60-ամյակին։ Երեկոյի ընթացքում Թաթուլը ներկայացրել է իր ամենահայտնի ռաբիս երգերը, այդ թվում՝ «Դառնացել է այս աշխարհը», «Խաչին մոտ», «Մայրիկ», «Քեֆ-քեֆ», «Ջան Հայաստան», «Պապիկ եմ դարձել», «Իմ ախպերը» եւ այլն։

Համերգին մասնակցել եւ երգել են նաեւ Թաթուլի ընկերները՝ Էմիլ Պողոսյանը, Նանան, Վլեն, Կամո Սեյրանյանը, նրա որդին՝ Լեւոն Սեյրանյանը, DJ Davo-ն, երգիչ Մանչը, Մարի Կիրակոսյանը, Վահան Զաքարյանը, Կարեն Գեւորգյանը, Սպարտակ Առաքելյանը (Հրազդանցի Սպոն), Գագիկ Ստեփանյանը եւ այլք։

Դահլիճը լեփ-լեցուն է եղել` համերգին ներկա է եղել ավելի քան 12 հազար մարդ, ինչը Հայաստանի պայմաններում զարմանալի թիվ է: Ճանաչված երգիչների պարագայում անգամ Համալիր «լցնելը» բավականին դժվար գործ է, նույնիսկ` անհնար, նույնիսկ նրանք, ովքեր ունեն բարձր երաժշտական ճաշակ, ինքնատիպ ոճ ու երգացանկ, 500 հոգանոց դահլիճներ չեն կարողանում լցնել: Ռաբիս երգի կարկառուն ներկայացուցիչ Թաթուլը ռեկորդ է սահմանել, ինչն իրարանցում է առաջացրել համացանցում:

Շատերը քննադատում են, որ հայ ժողովրդի գեղագիտական ճաշակն այս աստիճան ընկել է, ոմանք էլ այն կարծիքին են, որ պետք է հարգել մարդկանց ազատ ընտրության իրավունքը, որ եթե նախընտրում են Թաթուլ լսել, թող լսեն, ի՞նչն է խնդիրը: Նշենք, որ տոմսերի արժեքը 5000-30 հազար դրամի սահմաններում էր: Հայ ժողովրդի երաժշտական ճաշակի, ռաբիսի հանդեպ հետաքրքրության մասին «Հրապարակը» զրուցել է կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի հետ:

– Թաթուլի համերգից հետո, որին մասնակցել է 12 հազար մարդ, աղմուկ է բարձրացել, տարատեսակ կարծիքներ են հնչում: Դուք ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է մեր հասարակության մեծամասնությունը նախընտրում ցածրաճաշակ երաժշտություն լսել:

– Շատ բարդ հարց եք տալիս, բայց…. երեկոները ես աշխատում եմ Համալիրի մոտակայքում գտնվող «Լիվինգսթոն» ռեստորանում, որտեղ մենք բարձրաճաշակ երաժշտություն ենք մատուցում` բառի բուն իմաստով: Այդ օրը չկարողացա անգամ մեքենաս կայանել ռեստորանի մոտ, ոտքով ահագին տեղ քայլեցի, որովհետեւ ամեն ինչ փակ էր: Չորս կողմը ընտանիքներով, տոնական, գեղեցիկ հագնված մարդիկ էին, իրենց երեխաների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ երեխաները շատ-շատ էին, ծնողները երեխաներին իրենց կարծիքով տանում էին բարձրաճաշակ երաժշտություն լսելու:

Մի այնպիսի ոգեւորությամբ էին քայլում, կարծես… երբ հասա տեղ ու տեսա, որ մեզ լսելու է եկել ընդամենը 30 հոգի, իսկ Թաթուլին լսելու է եկել 12 հազար մարդ, շատ մեծ ափսոսանք ապրեցի եւ հասկացա, որ մենք սա ենք… ուրեմն մենք հայ ազգի «մուտանտներն» ենք, ճիշտը Թաթուլ լսելն է: Մենք մի տեսակ մեծ պահանջներ ունենք մեր ժողովրդից, բայց պետք է հասկանալ մի բան. ի՞նչ կարող ենք պահանջել նման մարդկանցից: Իհարկե, ես ու ինձ նման մարդիկ մեր գործը շարունակում ենք, սակայն՝ մեծ ափսոսանքով:

– Մարդու երաժշտական ճաշակն ինչպե՞ս է ձեւավորվում:

– Ընտանիքից:

– Իսկ ընտանիքի երաժշտական ճաշա՞կը: Պետությունը չունի՞ անելիք:

– Պետությունն ունի մեծ անելիք: ԽՍՀՄ-ի ժամանակ ռաբիս երաժշտություն չէր պրոպագանդվում, շատերը սիրում էին ռաբիս, օրինակ` բոլոր տաքսիստները ժամը 5-ին Բաքու էին միացնում եւ լսում էին ցածրորակ երաժշտություն, բայց այն ժամանակ տաքսիստները մեզանում այսքան շատ չէին, որքան հիմա են: Ռաբիսը հեշտ ընկալելի երաժշտություն է, գեղեցիկ շորեր են հագնում, իրենց ժանրի մեջ շատ էլ լավ կատարումներով են հանդես գալիս Թաթուլը, Սպիտակցի Հայկոն, Ռազմիկ Ամյանը:

– Ռազմիկ Ամյանն է՞լ է ռաբիս:

– Նա այլ կատեգորիայից է: Օպերային լավ երգիչ է, բայց փող աշխատելու համար նա էլ է ռաբիս երգում: Սա շատ խոր արմատներ ունեցող պրոբլեմ է: Կա նաեւ գենետիկայի հարց, մեկի արյունը քաշում է, մյուսինը` չի քաշում:

– Արաբաթուրքական ոճի երաժշտություն լսողները, ըստ Ձեզ, ի՞նչ արմատներ ունեն:

– Դե, ի՞նչ իմանաս: Մարդիկ կան, հասկանում եք, ահավոր շատ են սիրում արաբաթուրքական կլկլոցները, բայց նրանք էլ ունեն իրավունք լսելու, սիրելու այն երաժշտությունը, որը հարազատ է իրենց հոգուն: Այստեղ անգամ դաստիարակությունն էլ չի օգնի նրանց: Բայց, ամեն դեպքում, սովետական տարիներին ռաբիսի դեմ անտիպրոպագանդա էր արվում, եւ դա իր օգուտը տվեց, այն տարիներին բավականին բարձր էր հայ ժողովրդի երաժշտական ճաշակը: Հետո 30 տարվա մեջ այնքան իջավ այն, որ էլ հույս չկա…. թեպետ մենք` պրոֆեսիոնալներս, ամեն ինչ անում ենք, որպեսզի գոնե մի մասին ուշքի բերենք, սակայն մեծամասնության դեպքում չի ստացվում:

– Բարձրորակ երաժշտություն լսե­լու պրոպագանդայի մեջ էլ երկակի ստանդարտներ են նկատվում: Շատերը գրում են, որ պետք է գնալ Օպերա, լսել դասական երաժշտություն, սակայն այդ գրողներն իրենք էլ չեն գնում նման բարձրորակ երաժշտություն լսելու, եթե գնային, Օպերան այդքան դատարկ չէր լինի….

– Կա երեք կատեգորիա: Ամենաբարձրաճաշակ, ինտելեկտուալ երաժշտությունը կլասիկան է, որն ամեն մեկի համար չէ: Ամբողջ աշխարհում այն պոպուլյար չէ, էլիտաների համար է: Եթե ինչ-որ մարդիկ գնում են Օպերա եւ քնում են համերգի ժամանակ, չի կարելի նրանց մեղադրել…. կա ժողովրդին մոտ երաժշտություն, որը բաժանվում է մի քանի ժանրերի. մարդանման ժանրն էստրադան է, հետո գալիս է ցածրը, ցածրագույնը եւ ցածրագույնից էլ ցածրագույնը: Բարձրակարգ էստրադա լսող մարդիկ նաեւ գնում են Օպերա, պատրաստ են լսել սիմֆոնիկ երաժշտություն: Մեր ժողովրդի մեծ մասը չունի երաժշտական պատրաստվածություն: Ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում` օպերան բոլորի համար չէ, այն էլիտար երաժշտություն է:

Մի շրջան կար, որ բոլոր ընտանիքներում դաշնամուր կար, երեխաները պարտադիր երաժշտական դպրոց էին հաճախում եւ ավարտում: Երաժշտական կրթություն ստացած մարդկանց էսթետիկան միտված է ավելի բարձրին, իսկ հիմա ո՞ւմ տանը կարող ես դաշնամուր տեսնել` ոչ մեկի: Մի մասն էլ հնից մնացած ունի, բայց չգիտի ում նվիրի, որ տան մի անկյունն ազատվի: Հիմա իմ խնդիրը ոչ թե միայն քննադատելն է, այլեւ ուսանողներիս կրթելն է, փորձում եմ նաեւ կրթել այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրաճաշակ երաժշտություն լսել:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում