ՄամուլՏեսանյութ

Ինչու է Գյումրիից «Զատիկ» տեղափոխվել 9-ամյա երեխան և ինչպես է անհետացել. աղմկահարույց դեպքի մանրամասները

Օգոստոսի 31-ին Գյումրու կրթական ճամբարներից մեկից 9-ամյա մի աղջնակ իր կամքին հակառակ տեղափոխվել է Երևան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

«Հայկական ժամանակ»-ին ահազանգած երեխայի բարեկամուհին նաև տեսանյութ է տրամադրել, որում երևում են երեխայի ընդդիմանալն ու հուզական վիճակը: Աղջիկը ճչում է, լաց լինում, խնդրում իրեն հանգիստ թողնել, անընդհատ կրկնում է՝ արդեն հոգնել է:

Ովքեր են Հունաստանի քաղաքացիներ 9-ամյա Նեֆելին, հայրը՝ Գագիկն ու մորական տատիկ Վարդանուշը

Նեֆելին ծնվել է Հունաստանում, ապրել մայրիկի և հոր՝ Գագիկի հետ: Հաշտ ու խաղաղ, նորմալ ընտանիք է եղել: Հունաստանում, ոչ այս ընտանիքի հետ, առանձին ապրել է նաև երեխայի մոր ընտանիքը՝ տատիկը՝ Վարդանուշ Խանգելդյանն ու մորաքույրը: Ընտանիքներն իրար հետ սովորական, նորմալ հարաբերություններ են ունեցել:

Նեֆելիի ծննդից հետո Հունաստանում նրանց հետ է ապրել նաև հորական տատիկը, զբաղվել երեխայի խնամքով:

Տեղեկությունները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրել է Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:

2019-ին, սակայն, քաղցկեղի հետևանքով Հունաստանում մահացել է աղջնակի մայրը:

«Մոր մահից հետո խնդիրներ են առաջացել, բայց շատ ցայտուն չի երևացել: Մորաքույրը, հոր որոշմամբ, երեխային Հունաստանից բերել է Գյումրի: Արդեն Գյումրիում Գագիկը՝  երեխայի հայրը, որոշում է, որ պետք չէ երեխային Հունաստան վերադարձնել և թողնում է իր ծնողների խնամքին:

Հենց այդտեղից էլ կամաց-կամաց սկսվել է վեճը»,- ասում է Բաղրամյանը:

Ինչպես է մորական տատիկը հայտնվել հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

Մորական տատիկը՝ Վարդանուշը, փորձել է երեխային տեսակցել, 1-2 անգամ  նրանց տուն է գնացել, թույլ չեն տվել տեսնել երեխային: Հավանաբար, ըստ Բաղրամյանի, նրան խորհուրդ են տվել դիմել հանձնաժողովին: Այդ պահից սկսած իրենք մասնակից են դարձել գործին որպես կարևոր օղակ:

Հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է տեսակցության կարգ, սակայն ընտանեկան տարբեր հարցերի հետևանքով այդ տեսակցությունները հնարավոր չեն դարձել: Մայրական կողմը դիմել է դատական ատյան, որպեսզի այդ ճանապարհով տեսակցության իրավունք ձեռք բերի: 2022-ին այդ իրավունքը տատիկը ստացել է, սակայն կրկին չի կարողացել երեխային տեսնել:

Վճռի կատարմանը ներգրավվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Նրանց միջոցով կազմակերպված հանդիպումների ժամանակ երեխան չի ցանկացել տեսնել մորական տատիկին:

«Եթե եկել է տեսակցության էլ, շատ կարճ, մի երկու բառ է փոխանակել, ասել է զզվում եմ, հոգնեցի, չեմ ուզում տեսնել: Մենք երբ ասում ենք՝ ընկերներ ինչո՞ւ եք խոչընդոտում, իրենք ասում են, մենք չենք խոչընդոտում, երեխան չի ուզում: Էս հանդիպումների ժամանակ նաև քաշքշոց է եղել կողմերի միջև, անգամ քրեական գործ կա հարուցված»,- մանրամասնեց Բաղրամյանը:

Երեխայի հայրը, Հունաստանում բնակվելով հանդերձ, աշխատանքը թողնելով 1 ամսով, 3 ամսով եկել-գնացել է Գյումրի, նաև մնացել է: Նույն կարգավիճակով ապրող մայրական կողմը, ըստ Բաղրամյանի, նշել է, որ գնալ-գալով հայրը չի կարողանում զբաղվել երեխայի լիարժեք խնամքով և դաստիարակությամբ:

«Հաշվի առնելով դա, մեր հանձնաժողովը 2023 թվականին դիմել է քաղաքապետին, որ հորական կողմի պապիկին, ում մոտ բնակվում է աղջիկը, տրվի խնամակալության իրավունք՝ պայմանով, որ երեխային թույլ տան շփվել նաև մորական կողմի հետ: Պապիկը համաձայնել է, ու նշել, որ իրենք միշտ էլ թույլ են տվել, երեխան չի ցանկանում տեսնել նրանց»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ է կատարվել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, ինչպես է երեխան այնտեղից անհետացել

«Մենք երեխային անվտանգ հասցրել ենք «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այնտեղ կրկին բակում հավաքված կողմերի մեջ վիճաբանություն է եղել: Տարբեր խնդիրներից հետո երեխան առանձնանում է հոգեբանի հետ: Որևէ մեկին թույլ չեն տվել, որ ներս մտնի, հանձնաժողովի անդամներն էլ երկար ժամանակ կանգնած են եղել դռան մոտ, որպեսզի հոգեբանն աշխատանքը ավարտի, հասկանան հետագա անելիքը»:

Այդ ընթացքում, ըստ Բաղրամյանի, հայտնվել են երեխայի հոր և մայրական կողմի փաստաբանները: Գյումրու հանձնաժողովի անդամներին հոգեբանի սենյակի դռան մոտից հրավիրել են տնօրենի սենյակ՝ հանդիպման:

«Երկու փաստաբանները սկսում են վիճել, գործին ոստիկաններն են խառնվել: Էդ ընթացքում Գագիկն, առիթից օգտվելով, բացել է դուռը, երեխային ապօրինաբար վերցրել, փախել է: Տեղեկություն չունենք՝ որտեղ են, իրավապահները զբաղվում են այս գործով:

Մենք տարել տեղ ենք հասցրել ու տնօրենը չի կարողացել  լիարժեք անվտանգությունն ապահովել: Ինքը շատ լավ գիտեր, որ սա մեծ դժվարությամբ կազմակերպված գործողություն էր: Ես արդեն կասկածում եմ՝ կա՛մ ինքը շատ լավ տեղյակ է եղել, կա՛մ չի կարողացել աշխատանքը կազմակերպել»:

Ի պատասխան այս հայտարարության, մեզ հետ զրույցում երեխայի բարեկամուհին՝ 44-օրյա պատերազմի հերոս Գագիկ Մկրտչյանի մայրը՝ բարձրաձայնում է՝ երեխան չի անհետացել, հոր հետ տուն է վերադարձել:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել