Մամուլ

Շվեյցարական բանկում Գարեգին Բ-ի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

«Հայկական ժամանակը» գրում է․ Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվում է «Ազատություն» ռադիոկայանի՝ 2015 թվականի մի հրապարակում, ըստ որի՝ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծել է HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնք ներկայացնում են բանկի ավելի քան 100 հազար հաճախորդների անձնական հաշիվների տվյալները:

Ըստ հրապարակման՝ շվեյցարական բանկը նաև հայ հաճախորդներ ունի, որոնցից մեկը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն է: Վերջինիս անունով և լուսանկարով հաշիվը բացվել է 2000 թվականին: 2006-2007 թվականներին նրա հաշվի վրա 1 միլիոն 100 հազար դոլար է եղել:

Հարցի առնչությամբ կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, պարզաբանումներ տալով «Արմենպրես»-ին, ասել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն հայոց հայրապետների անունով, և որևէ տարօրինակ ու զարհուրելի երևույթ չկա դրանում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում:

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության կայքում տեղադրված պարզաբանման մեջ էլ նշվել է, որ հաշվեհամարը բացված է եկեղեցու կարիքների և բարեգործությունների նպատակով։

Գարեգին Բ

Հարկային պարտավորությունների պարզաբանումը ամենահիմնական պահերից մեկն է, որովհետև Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գրել է, որ գաղտնազերծված հազարավոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր դոլարներ հարկային մարմիններից գաղտնի են պահվում: Հետաքննությունը, ըստ էության, արվել է հարկերից խուսափելու և անօրինական բիզնեսները բացահայտելու նպատակով:

Տարիների վաղեմության այս հրապարկման հետ կապված, ինչպես նաև այն հրապարակումների, որ հաշվեհամարին առկա գումարը հասել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի, սակայն գումարը չի ծախսվում կրոնական կառույցների վերանորոգումների և այլ կարիքների համար, «Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու՝ գործո՞ւմ է դեռևս այս հաշվեհամարը, թե՞ ոչ, եթե գործում է, որքան գումար կա դրանում այս պահին, ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը, սակայն, մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Կիսվել