Մշակույթ

Վարդուհի Վարդերեսյան․ Հայ բեմի անզուգական դիցուհիներից մեկը

Վարդուհի Վարդերեսյանը կինոյի և թատրոնի վաստակաշատ դերսանուհի էր։ Ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։

Վարդուհի Վարդերեսյանի հայրը՝ Կարապետ Վարդերեսյանը դեռեւս 1912 թվականին, զգալով հնարավոր վտանգները, թողնում է Մարմարա ծովի ափի իր բնակավայր Ռոդոսթոն, որին թուրքերը Թեքիրդաղ են նաև կոչում, ու տեղափոխվում Ռումինիա:

Վարդուհի Վարդերեսյանը հորը՝ Կարապետին, կորցնում է, երբ ընդամենը  6 ամսական էր: Վարդուհին հաճախում է հայկական վարժարան, որն անմիջապես հայկական եկեղեցու կողքին էր՝ ճիշտ Էջմիածնի Մայր Տաճարի մակետով կառուցված։

1946 թվականին, երբ հայրենիքի դռներն այլեւս բաց էին, լսելով Սովետական Հայաստանի լավ պայմանների մասին, Վարդուհին մորն ու մեքենագրուհի քրոջը, որն արդեն ամուսնացած էր կոշկակար Գրիգորի հետ ու քիչ թե շատ բարեկեցիկ էր ապրում, համոզում է գնալ-ապրել հայրենիքում:

Վարդուհին դեռեւս դերասանուհի դառնալու մասին մտածելու ժամանակ չուներ: Ցերեկներն աշխատում էր, հետո՝ գնում գիշերօթիկ դպրոց, որպեսզի արեւելահայերեն սովորի:

1947 թվականին Վարդուհի Վարդերեսյանն ընդունվում է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա, իսկ 1958 թվականին տեղափոխվում Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։

Վարդերեսյանը բազմաթիվ դերեր է խաղացել բեմում, ինչպիսիք են Մարգարիտը՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Ռանևսկայան՝ Չեխովի «Բալի այգում», Քլերը՝ Դյուրենմատի «Ծեր տիկնոջ այցը» և այլն։ Սակայն ամենաարտասովորը նրա 12-ամյա տղայի՝ Ջոնիի դերն էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հիման վրա, որը նա խաղացել է գրեթե մինչև 30 տարեկանը։

varderesyan

1958 թվականից նա նկարահանվել է հեռուստատեսային արտադրություններում՝ դառնալով առաջին հեռուստատեսային դերասանուհիներից մեկը։ Նա հայ բեմի երկարակյացներից մեկն էր. գրեթե 70 տարի խաղացել է՝ նախ ինքնագործ, ապա երկրի առաջատար թատրոններում։ Նշանավոր դերասանուհին մեծ ներդրում է ունեցել հայ թատրոնի կայացման և զարգացման գործում։

Վարդուհի Վարդերեսյանի մտորումներից

Նորը արմատավորվել կարող է միայն հնի արգանդում։

Եթե ընտրում ես արվեստագետի ճանապարհը՝ միաժամանակ պարտավորվելով լինել կին ու մայր, ուրեմն դու արդեն կայացրել ես կարևորագույն որոշումներն ու ընդունել մարտահրավերները։ Արվեստից առավել բարձրը կնոջ ու մոր պարտականությունների դաշտն է, արվեստը երբեմն կարող է ստորադասվել մոր ու կնոջ պարտականություններին։ Սակայն ես միշտ աշխատել եմ ստեղծել հավասարակշռություն այդ ամենի մեջ, այնպես անել, որ և՛ թատրոնում, և՛ տանը որևէ բան կիսատ չլինի։

… Իմ Ջոնին իմ կյանքի հեքիաթի մեջ իրոք հեքիաթ էր և կամ հեքիաթի թերևս ամենագեղեցիկ դրվագը, որի հետ անջնջելի շատ հուշեր են կապված, և որի հասցեին թատերական քննադատական միտքը, հանդիսատեսի հավաքական սիրտը հասցեագրեցին հիացմունքի, գնահատանքի վարար խոսքեր, որ շոյել ու դեռ շոյում են արվեստագետիս ինքնասիրությունը։

Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ արդյոք ես… Այո՛, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելի երբեք էլ պետք չի եղել:

Երբ դու բեմ ես բարձրանում, խաղում այս կամ այն դերը՝ հանդիսատեսը նայում է միայն քո ստեղծած կերպարին, նա չի խորանում քո կենսագրության մեջ, քո ապրած ողբերգությունների մեջ:

Սիրված դերասանուհին մահացել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում։

varderesyan panteon
Կիսվել