Մամուլ

 Անհանգստություն կա, որ կարող են դադարեցվել Ռուսաստանի հետ չվերթները

 Անհանգստություն կա, որ կարող են դադարեցվել Ռուսաստանի հետ չվերթները

Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը սկսել է նվազել։ Մարզերի հյուրատների սեփականատերերից ստացվող ահազանգերը հաստատում են նաեւ տուրիստական ընկերություններից ստացվող տեղեկությունները։

«Մորելլո Տուր» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Աղաջանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, վկայակոչելով իր 15 տարվա փորձը, վստահեցրեց, որ նվազել են ոչ միայն անհատների այցերը, այլև՝ կոորպորատիվ։ Ընդ որում՝ նկատվում է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի նվազում, ինչի վրա ազդում են հակառուսական տրամադրությունները։

Աղաջանյանը նշում է, որ շատ տարբեր ընկերությունների հետ են համագործակցում ու ցավով նկատում, որ իրեն պարբերաբար Ռուսաստանից գրում են, որ Հայաստանը վերջերս ներկայացվում է որպես ռուսաֆոբիա ունեցող երկիր։
«Ոչ թե հակառուսական տրամադրություններ, այլ հենց՝ ռուսաֆոբիա։ Եվ բազմամիլիոնանոց երկրին մինչև բացատրես, որ այստեղ նման բան չկա, ժամանակ է պահանջում եւ բարդ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման քարոզչությունն ուղիղ ազդում է զբոսաշրջության վրա։

Ըստ նրա՝ մարդիկ վախենում են գալ Հայաստան և նախընտրում են գնալ ուրիշ տեղ, օրինակ, Վրաստան, Թուրքիա, ինչը զարմանալի է, քանի որ մեզ մոտ չի հանդիպում, որ փողոցում ռուսին ասեն՝ «գնա՛ քո երկիր», իսկ Վրաստանում դա լինում է ավելի հաճախ։

Մասնագետի փոխանցմամբ՝ զբոսաշրջության վրա բացասական հետեւանք կունենա նաեւ պատժամիջոցների հետեւանքով «ՄԻՐ» բանկային քարտերի սպասարկման դադարեցումը։ Անգամ՝ ընկերությունների մոտ մտավախություն կա, որ ռուսական չվերթները եւս կարող են փակվել։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանը հիմնականում ընդունում ու ճանապարհում է Հայաստան – Ռուսաստան եւ հակառակ ուղղությունները։

Ինչ վերաբերում է եվրոպական շուկաներին, ապա, Աղաջանյանի գնահատմամբ, այն ավելի զգայուն է։ «Երբ նորություններով կարդան, որ Հայաստանում վտանգավոր է, ընդ որում՝ ոչ միայն սահմաններում, այլ անգամ լսում են ներքաղաքական լարվածության մասին, չեն գալիս։ Իսկ որ լսում են սահմաններում է լարված՝ խաչ են քաշում Հայաստանի վրա»,- ասաց Ս.Աղաջանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ եթե Ռուսաստանից գալիս են հիմնականում երիտասարդները, որոնք շատ չեն մտածում վտանգի մասին, ավելին՝ դա անգամ արկածային են համարում, ապա Եվրոպայից հիմնականում գալիս են 60-ից բարձր մարդիկ, որոնք խուսափում են վտանգից։ Սրան էլ գումարվում է որոշ դեսպանատների պարբերաբար արվող հայտարարությունները, նաեւ՝ ԱՄՆում ընդունված պետական ապահովագրային արգելքները, երբ վտանգավոր երկրներ գնալը պարզապես չեն խրախուսում՝ ասելով, որ անվտանգության համար պատասխանանատվություն չեն կրում և զբոսաշրջությունը կանգնում է։

Կիսվել