Թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները․ Պատգամավորներից մինչև ՊԵԿ․ «Հետք»
Թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները․ Պատգամավորներից մինչև ՊԵԿ
«Հետք»-ը գրում է․ Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անշարժ և շարժական գույքից, դրամական միջոցներից և եկամուտներից բացի պարտավոր են հայտարարագրել նաև այն թանկարժեք գույքը, որի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Թանկարժեք գույքը կարող է տարբեր լինել՝ ոսկյա զարդերից մինչև ժամացույցներ, արվեստի գործերից՝ մինչև խոհանոցային կահույք։
«Հետքն» ուսումնասիրել է այն բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող անձնանց հայտարարգրերը, որոնք թանկարժեք գույք են հայտարարագրել։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք այն պաշտոնյաներին, որոնք 4 միլիոն դրամը գերազանցող ժամացույցներ են հայտարարագրել։ Հոդվածում ժամացույցների արժեքները նշված են՝ ըստ պաշտոնյաների հայտարարագրերում լրացված արժույթի։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը ուսումնասիրելու արդյունքում գտել ենք 22 հայտարարագիր, որոնցում 25 ժամացույցներ են նշված։ Նշված 22 հայտարարագրերից 17-ը բարձրաստիճան պաշտոնյաներինն է, 5-ը՝ համատեղ բնակվող անձանցը։ Հայտարարագրված թանկարժեք ժամացույցներից 14-ը նվեր է, 9-ը՝ գնում, իսկ 2-ը՝ ժառանգություն։
Ամենաթանկարժեք ժամացույցը հայտարարագրել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նա 2019 թվականին 82 միլիոն դրամով ժամացույց է գնել, և դա նրա հայտարարագրում միակ թանկարժեք ժամացուցը չէ։ Եվս մեկ ժամացույց էլ պատգամավորը գնել է 2011 թվականին 51 մլն 300 հազար դրամով։ Բացի ժամացույցներից Գուրգեն Արսենյանը նաև մի շարք այլ թանկարժեք գույք է հայտարարագրել, որոնց առաջիկայում ևս կանդրադառնանք։
Թանկարժեք ժամացույց է հայտարարագրել նաև Գուրգեն Արսենյանի գործընկերը՝ մեկ այլ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նա 2021 թվականին 23 մլն դրամով ձեռքի ժամացույց է գնել։ Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանի հայտարարագրած թանկարժեք գույքի մեջ սա միակն է, որը նա գնել է։ Մնացածը, որի մեջ կան արվեստի գործեր, գորգեր, կահույքներ, նա կամ ժառանգություն է ստացել, կամ՝ նվիրատվություն։
Ձեռքի թանկարժեք ժամացույց է հայտարագրել նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահրամ Խաչատրյանը։ Նա 2019 թվականին նվեր է ստացել Rolex բրենդի ժամացույց, որի արժեքը 33 հազար ԱՄՆ դոլար է։
Մեր շարքում հաջորդ պաշտոնյան արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։ Նա հայտարարագրել է ձեռքի երկու ժամացույց, որոնցից մեկի արժեքը 22 հազար, իսկ մյուսինը 16 հազար դոլար է։ Այդ երկու ժամացույցներն էլ արդարադատության նախարարը նվեր է ստացել 2009 թվականին։
Հատկանշական է, որ թանկարժեք ժամացույց հայտարարագրածներից վեցը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են կամ նրանց ընտանիքների անդամները։ Այսպես, ՊԵԿ-ի աշխատակիցներից ամենաթանկարժեք ժամացույցը հայտարագրել է Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի պետ Արամ Մարգարյանը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2024 թվականի փետրվարի 5-ին։ Նա 2021 թվականին 1 մլն 850 հազար ռուսական ռուբլի արժողությամբ ժամացույց է գնել։
Երկու թանկարժեք ժամացույց է հայտարարագրել նաև ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 1 /Երևան քաղաքի/ բաժնի գլխավոր օպերլիազոր Արամ Մաճկալյանը։ Այդ երկու ժամացույցն էլ Մաճկալյանը նվեր է ստացել 2016 թվանանին։ Նրանցից մեկի արժեքը 18 հազար, իսկ մյուսինը՝ 11 հազար ԱՄՆ դոլար է։ Մաճկալյանն այդ պաշտոնը ստանձնել է 2020թ․ մարտի 17-ին։