Իմ ամենասիրելի մարզը Լոռին է․ Հայաստանում ապրող չինացին հրաշալի խոսում է հայերեն
Ազգությամբ չինացի Ֆընգ Յանգմինգը մի քանի տարի է՝ ապրում է Երևանում, բավականին լավ խոսում հայերեն:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նրա հետ, որը ներկայացնում ենք՝ ստորև.
– Ֆընգ Յանգմինգ, ինչո՞ւ եք մշտական բնակության համար ընտրել հենց Հայաստանը:
– Փոքր ժամանակ ուսումնասիրում էի ամենատարբեր երկրներ՝ աֆրիկյան, եվրոպական, հետո անգլերենով սկսեցի կարդալ գիրք հին Հայաստանի, Տիգրան Մեծի մասին, ինձ շատ հետաքրքրեց: Այդ պահից իմ երազանքը դարձավ Հայաստան գալն ու հայերեն սովորելը:
– Ի՞նչն է Ձեզ առավել տպավորել կամ զարմացրել մեր երկրում:
– Զարմացած էի այդ ինֆորմացիայից. գրքում ասվում էր, որ հայկական թագավորությունները շատ հին են, և որ այդ երկիրը մինչև օրս գոյություն ունի ու դեռ պահում է հին ավանդույթներն ու լեզուն: Քանի որ ես լեզուն ու լեզվաբանությունը շատ եմ սիրում, հայերենն էլ շատ յուրահատուկ է, ունի այբուբեն, ստեղծել են հենց հայերը, ինձ շատ հետաքրքրեց, որ սկսեմ ավելին կարդալ, ուսումնասիրել Հայաստանի ու հայոց լեզվի մասին: Իմ ուսումնասիրությունները շարունակվում են մինչև հիմա, օրինակ՝ հաճախ եմ գնում Մատենադարան, Էրեբունի թանգարան, որպեսզի ուսումնասիրեմ հին սեպագրերը:
– Ինչ-որ հոգևոր կա՞պ եք զգում Հայաստանի ու հայերենի հետ:
– Միայն հայերեն չէ, ուսումնասիրում եմ աշխարհի տարբեր լեզուներ՝ սիմվոլիզմը: Չինարենն էլ եմ մինչև հիմա ուսումնասիրում՝ հին չինարենը, նաև՝ Հարավային Ամերիկայի լեզուները:
– Չինաստանից մինչև Հայաստան. ինչպիսին էր այդ ճանապարհը՝ հե՞շտ էր, թե՞ բարդ:
– Ճանապարհը հեշտ ու հաճելի էր, չնայած ասում են՝ Չինաստանը հեռու է, բայց եթե քարտեզով նայենք, այդքան էլ հեռու չէ: Երկու երկրները, ազգերը հնուց մինչև հիմա այդ կապը պահել են. այնտեղի ժողովուրդը գիտեն Հայաստանի մասին, հայ ժողովուրդն էլ շատ լավ գիտի Չինաստանի մասին: Ապագայի պլանների առումով իրականում ես երկար կմնամ Հայաստանում, բայց չի բացառվում, որ ինչ-որ փուլում ուզենամ այլ երկրում ապրել, որովհետև ուզում եմ իմ կյանքում տարբեր փուլեր լինեն: Մինչև Հայաստան գալն էլ ապրել եմ Ինդոնեզիայում:
– Հայաստանի մարզեր գնո՞ւմ եք:
– Այո, իմ ամենասիրելի մարզը Լոռին է, հաճախ եմ լինում այնտեղ:
– Ինչո՞ւ հենց Լոռին:
– Բնությունն է շատ լավը, որը չեմ կարող գտնել Երևանում:
– Ինչպե՞ս կբնութագրեք հայերին:
– Լա՞վ, թե՞ վատ կողմերը… (Ծիծաղում է):
– Ե՛վ, և՛
– Դրական կողմերից կարող եմ նշել, որ շատ ընկերասեր են, հյուրասեր: Երևանում դա այդքան էլ չեմ զգում, բայց երբ գնում եմ գյուղեր, անծանոթ մարդուն էլ որ գյուղում հանդիպում ես, քեզ անպայման հրավիրում է տուն, հյուրասիրում գյուղի ուտելիքով՝ պանիր, գինի, բայց անծանոթ մարդիկ ենք, նոր ենք ծանոթացել ու արդեն կարող ենք գնալ իրենց տուն, շփվել, խոսել, շատ հետաքրքիր է: Աշխարհի տարբեր անկյուններում եմ եղել, բայց այսպիսի մոտեցում ոչ մի տեղ չեմ տեսել, դա միայն հայերին է հատուկ:
– Բացասական կողմերի մասին չնշեցիք:
– Չափից ավելի հետաքրքրասեր են, սիրում են մտնել դիմացինի անձնական կյանք, քո սեփական որոշման վրա կարող են ջղայնանալ, բայց դա իմ կյանքն է ու ոչ մեկի հետ կապ չունի: Օրինակ՝ կարող ես նստել տաքսի, ու վարորդը շատ հանգիստ կարող է անձնական հարցեր տալ:
– Ո՞ր հարցերն են առավել նյարդայնացնում:
– «Ամուսնացե՞լ ես, թե՞ չէ», «ընկերուհի ունե՞ս, թե՞ չէ», «ո՞ւմ հետ ես ուզում ամուսնանալ». ինձ թվում է՝ սա տարօրինակ է: Ես հեռավորություն եմ պահում, մանավանդ անծանոթ մարդկանց պարագայում, ու այդ հարցերը ինձ մի քիչ խանգարում են:
– Երբևէ հարցրել են՝ հայուհու հետ կամուսնանա՞ք:
– Ամենաշատը… (Ծիծաղում է):