Պայթյունի հետևանքով վիրավորված ամուսինները կորցրել էին իրենց որդուն. արցախցի բժիշկ
Պայթյունի հետևանքով վիրավորված ամուսինները կորցրել էին իրենց որդուն. արցախցի բժիշկ
«Պատերազմի դաժան օրերն ինձ մոտ ասոցացվում են վատ հիշողություններով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ, ուրոլոգ Մարատ Հարությունյանը, ով Արցախը լքող վերջին բնակիչներից մեկն էր։
«Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ հակառակորդը հայտնեց իր հնարած 4 զոհի պատմությունը, արդեն հասկանալի էր, որ սա ոչ թե հերթական սադրանք էր, այլ նոր պատերազմի սկիզբ, ինչը ժամերի ընթացքում պիտի պայթեր․․․ Ես չսխալվեցի, առաջին պայթյունից րոպեներ անց, մենք սկսեցինք վիրավորներ ընդունել։
Շատ ծնողների պես ես ևս ժամեր հետո կարողացա գտնել իմ երեխաներին՝ տարբեր նկուղներում պատսպարված։ Բայց, ինչպես պարզվեց, դա ամենադաժան փորձությունը չէր, որ արցախցիներս հաղթահարում էինք՝ սկսած 2016-ից․․․
Երբ մեկօրյա պատերազմը թվում էր, թե ավարտվեց, մեզ՝ բժիշկներիս համար սկսվեց մի նոր անբացատրելի մղձավանջ՝ բենզալցակայանի պայթյունը, որն իմ կյանքի ամենադաժան օրը պիտի դառնար: Անտանելի մի տեսարան բացվեց մեր աչքի առաջ։
Ընդամենը 1 ժամ հետո հիվանդանոցի ողջ սրահը լեփ-լեցուն էր տարբեր աստիճանի այրվածքներով պատված մարդկանցով, ովքեր պարզապես անճանաչելի էին: Բոլորը ցավի մեջ գալարվում էին, իսկ մի զույգ՝ կին և ամուսին, չնայած մեր անընդմեջ իրականացվող հակաշոկային միջոցառումներին, չէին հանգստանում։ Չէի հասկանում, էլ ինչ կարող եմ անել, որպեսզի նրանց ցավը փոքր-ինչ մեղմեմ։
Պարզվեց, որ նրանց ցավը ավելի խորն էր, քան ես էի կարծում։ Նրանք պայթյունի պահին կորցրել էին իրենց որդուն։ Ես ինձ կորցրել էի բոլոր առումներով։ Դա իմ կյանքի ամենադաժան ու անմոռանալի դեպքն է, որն անջնջելի հետք է թողել հիշողությանս մեջ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում