Մամուլ

Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել. «Հրապարակ»

Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել

Hraparak.am-ը գրում է․ «Մայրս, եղբայրս ու հարսս, իրենց չորս երեխաներն ապրում էին Արցախում՝ Ճարտարում։ Եղբայրս 44-օրյայի մասնակից է ու 22 տարի է՝ բանակում էր ծառայում»,- պատմում է Ճարտար գյուղի հրամանատար Վանիկ Հայրապետյանի քույրը՝ Մանուշ Հայրապետյանը։

«Ճարտարն ինքն է պահել իր խմբով՝ թշնամին չի կարողացել մտնել Ճարտար գյուղ, Սոսը գրավել էին, ներքեւից տեղ կա՝ այդտեղից չեն թողել, որ առաջ գնան, բայց բնակիչները՝ բոլորը, Ճարտարում էին մնացել, դուրս չէին եկել։

Արկն ընկել է խրամատի մեջ՝ զոհվել է, չորս երեխա ունի՝ երեք տղա, փոքրը աղջիկ է ծնվել՝ ինն օրական, երկու անգամ է տեսել աղջկան։

Հիմա գոնե ուզում ենք բերել այստեղ, աճյունը չկարողացանք բերել, քանի որ Մարտունիում էր, լույս չկար, դիակը շուտ փչանում էր, ստիպված էին մերոնք Ճարտարում թաղել»,- ասաց Մանուշը։

Դիմել է Կարմիր խաչին, այլ մարմինների, որ աճյունը տեղափոխեն Հայաստան, սակայն Մարտունուց Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է, ու բոլոր տեղերում ասել են, որ աճյունը Հայաստան տեղափոխելու համար ժամանակ կպահանջվի։

Վանիկի հետ միաժամանակ զոհվել են նաեւ նրա խմբի տղաները՝ ամբողջ խմբով են եղել խրամատի մեջ։ «Ասում են` հազարից մեկ է այդպիսի դեպք լինում, որ ականն ընկնի ուղիղ այդտեղ։ Տղաներից մեկը, որ իր հետ զոհվել էր, երեկ իր հարսանիքը պիտի լիներ՝ թաղումն է եղել։

Հարսի շորեր են հագցրել հարսնացուին ու գնացել գերեզման, բոլոր նվերները բերել դրել էին գերեզմանում՝ մի հատ ահավոր տեսարան էր, սարսափելի»,- ասաց Մանուշը։ Գյուղից մի քանի տղա է զոհվել՝ Վարդանը, Սամվելը, մյուսները, ովքեր Վանիկ Հայրապետյանի հետ գյուղն են պաշտպանել թշնամու հարձակումից։

Վանիկի ընկերներից մեկը զոհվելուց րոպեներ առաջ գնացել է Վանիկի ձեռքը բռնել, ասել է․ «Վանիկ, չե՞ս տեսնում՝ այստեղ ինչ է կատարվում, հետ քաշվենք: Ասում են` ջղայնացել է, ավտոմատը վերցրել, ասել է` չէ, ես պիտի մինչեւ վերջ կռվեմ, հենց առաջացել, մտել է այդ փոսի մեջ՝ տղաների մոտ, այդ պահին ականն ընկել է հենց իրենց կողքը, ու իր հետ եղած չորս ընկերները, իր հետ կռվող երեխեքը զոհվել են։

Ասում են` եղբորս գլխի հետեւի մասին է կպել։ Ասում էի` գոնե սաղավարտ դներ, ասեցին, որ սաղավարտը դրած էր, հետը տրաքել է։ 38 տարեկան, չորս տղա»։

Մանուշի մայրը պատմում է, որ եթե նախկինում գյուղի տան դուռը չէին փակում, ապա որդու մահից հետո փակում են, որովհետեւ ամեն պահ սպասում են, որ թշնամին կմտնի ու կսպանի բոլորին։

«Չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց կողքի գյուղում՝ Ամարասում, որ կանայք ու երեխաները գնացել, թաքնվել են Ամարասի վանքում, ասում են` այդտեղ ահագին մարդ են սպանել։ Այն, որ հայտարարում են, որ անհետ կորած են՝ իրենք են, ասում են՝ լիքը մարդ կար թաքնված։ Ասում են, որ երեխեք են մորթել, ամբողջ ընտանիքներով այնտեղ թաքնվել էին: Շատերն Ամարասի վանքում էին թաքնվել, որ հանկարծ գրադ չընկնի»,- ասաց Մանուշը։

Ասում է, որ պաշարման մեջ գտնվող Ճարտարի բնակչությունը գյուղից դուրս գալու հնարավորություն չունի, քանի որ Ստեփանակերտին կապող միակ գյուղը՝ Սոսը, Կարմիր Շուկան եւս օկուպացվել են ադրբեջանցիների կողմից։

Մարդիկ շրջափակման մեջ են մնացել։ Ասում է` ռուս խաղաղապահները խաբեցին արցախցիներին։ «Վերմակներ էին բաժանել ռուսները՝ մինչեւ այս կռիվները, մայրս ասում է, որ անկողինները բերել էին նախապես, որ մարդիկ գյուղերից դուրս գան, դրանց վրա քնեն։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ դա պիտի լինի, իրենք դա անկապ չէին ուղարկել։

Մարդիկ գյուղերից դուրս են եկել, գնացել էին ռուսների ապաստարանների մոտ՝ նախապես պատրաստել են, իմացել են»,- ասում է Ճարտարի նախկին բնակչուհին։ Նա ցավում է, որ միակ եղբոր հոգեհանգստին չի կարողացել մասնակցել։

Դժվար է համակերպվել, երբ երեխաներն անընդհատ հորից լուր են հարցնում։ «Եղբայրս 44-օրյա պատերազմի ժամանակ շատ ուժեղ էր կռվել, իրեն հրամանատարի կոչում տվեցին։ Եղբայրս, մինուճար եղբայրս այդպես էլ սոված-ծարավ զոհվեց»,- մղկտում էր քույրը։

Կիսվել