Դասալիքն իրենք են՝ քաղաքական դասալիքներ․ Արսեն Սաֆարյան․ «Հրապարակ»
Դասալիքն իրենք են՝ քաղաքական դասալիքներ․ Արսեն Սաֆարյան
«Հրապարակի» զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է:
– Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին: Պատերազմից հետո Արցախի հայկական լինելու հանգամանքը կասկածի տակ է դրվում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։
– Ինչպե՞ս կարելի է նման կարծիք արտահայտել առհասարակ: Հայկական չէ՞ Արցախը, իսկ ովքե՞ր են ապրում այնտեղ, հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությունն ո՞ւմ է պատկանում: Նման մարդիկ կամ պատմություն չգիտեն, կամ էլ` վախկոտ են շատ, չգիտեմ ինչ անուն տալ նման մարդկանց: Ես շատ ակտիվ չեմ, որովհետև վատառողջ եմ, սակայն իմ տեսակետը միանշանակ է: Չի կարելի անգամ քննարկել Արցախի հայկական լինելու հանգամանքը, անիմաստ եմ համարում այդ մասին երկար խոսել:
– Արդեն վարչապետն անթաքույց խոսում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին:
– Չեմ ճանաչում նման որոշում, անկախ նրանից, թե դա ում կողմից է ճանաչվել: Առհասարակ ես Ադրբեջանի տարածքը չեմ ճանաչում, ընդհանրապես նման ազգ ես չեմ ճանաչում, Ադրբեջան պետություն չի եղել: Մենք անվերջ նահանջ ենք անում, ինչը վախկոտության մասին է փաստում միայն: Վախկոտ, արժեզրկված արժեհամակարգ է ասպարեզ եկել:
– Ի՞նչ եք կարծում՝ հայ տղամարդիկ վախկո՞տ են: Վարչապետի կինն ասում է, որ Հայաստանում 11 հազար դասալիք կա:
– Ո՞վ է նման բան ասել, ինչպե՞ս կարելի է նման բան ասել, նա սուտ է խոսել, այսօր ով ինչպես կարողանում, բերանն ինչպես ուզում բացում է: Այդ խոսքերին պետք է լուրջ չվերաբերվենք: Ի՞նչ է նշանակում դասալիք: Դասալիքն իրենք են` քաղաքական դասալիքներ են: Մարտի դաշտում ես բազմաթիվ կարգին տղերքի եմ տեսել, ովքեր մինչև վերջ կանգնել են, կռիվ են տվել: Հիմա ո՞վ է նման բաներ դուրս տալիս, թե հայ տղամարդիկ դասալիքներ են:
Ամոթ է, էս ո՞ւր ենք հասել, այդ հիմար կարծիքների արդյունքում է մարդկանց մեջ համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորվել: Չի կարելի նման բաներ խոսել: Մենք չէի՞նք 90-ականներին թուրքին ջարդում, էդ ո՞նց էր ստացվում, էդ ի՞նչ է փոխվել հիմա:
Թե՞ երկու բայրաքթար տեսան գլխների վերևը, սարսափահար եղան: 90-ականների «տրոսները» հավանաբար ընթերցողը կհիշի: Սարերից քաշել էինք, էդ ինչի՞ համար էր: Էն ժամանակվա բայրաքթարների դեմ էին բանեցնում էդ «տրոսները», որոնց միջոցով ինքնաթիռ և ուղղաթիռ էինք բռնում: Ամեն ինչին ձև կա, պետք չի էդպես վախ ուտել, շագանակագույն շալվարները պետք է հանել: Նույն թուրքն է մեր առաջ, ոչ մի բան չի փոխվել նրանց մեջ, մենք ենք փոխվել:
– Զոհված զինվորի մայրը կալանավայրում է: Նրան հայհոյողներ կան, սա ի՞նչ վերաբերմունք է, ըստ Ձեզ: Նման դեպքեր հիշո՞ւմ եք Դուք:
– Ընդհանրապես ամեն ինչ արժեհամակարգից է կախված: Արժեհամակարգն անկում է ապրում: Էդ կինն ի՞նչ է արել, որ այդ տղան այդպես վախեցել է: Էդ ի՞նչ աստիճան է վախեցել: Տղա տեսակն այդ աստիճա՞ն է փոքրամասնություն դարձել: Սխալ է զինվոր կորցրած ծնողին այդպես վերաբերվել: Դրանով ենք միշտ առանձնացել գլոբալիստներից: Մենք հայ ենք մեր տեսակով, սխալ է այդպես վերաբերվելը և հույս ունեմ, որ օրենքի կրողները կգան ճիշտ ու արդարացի եզրակացության: Նմանատիպ երևույթները դատապարտելով օրենքի երկիր չեն դարձնում:
Շատ ավելի առաջնահերթ հարցեր կան երկրում, օրինակ` բանակի կազմավորումը: Պետք է Հայկական բանակն արդիականացվի, դառնա երազի բանակ: Ինչից էլ խոսենք, վերջում դրան ենք գալու, եթե մինչև հիմա չենք հասկացել, որ ամենակարևոր հարցը դա է, ուրեմն մենք շատ սխալ ճանապարհով ենք գնում: Պետք չէ Հայաստանը Եվրոպայի կամ Ամերիկայի տեղ դնել: Ոչ ամերիկացի Ջոնին է գալու մեր սահմանը պահի, ոչ էլ ֆրանսիացի Ժակը, մեր սահմանը մենք պետք է պահենք:
– Դուք ծնունդով Արցախից եք: Այժմ հայաստանցի-ղարաբաղցի բաժանարար գծերն առավել քան երբևէ խորացել են: Ինչո՞ւ:
– Ով ինձ մոտ այդ բաժանարար գծերն առաջ բերեց, ես նրան պարզապես կբաժանեմ: Ոչ մեկն իրավունք չունի նման բաժանարար գծեր քաշելու: Այսինքնեթե պատերազմն Արցախում չլիներ, այլ լիներ Նոյեմբերյանում, ես նստելու էի տեղս ու ասելու էի արցախցի եմ, ինձ Նոյեմբերյանը չի՞ հետաքրքրում: Կամ Երասխից, որ վաղը հասնեն Արարատ, ի՞նչ ենք ասելու, ասելու ենք արցախցի ենք, դա մեզ չի՞ վերաբերում:
Դա իմ Արարատն է, ո՞նց կարող է ինձ չհետաքրքրել: Եթե պատմությունն ուսումնասիրենք Բաշ Ապարանում քի՞չ են եղել արցախցիներ: 500 մահապարտներ: Լավ էսքան քոռ կարելի՞ է լինել, ինչո՞վ են զբաղված, թող պատմություն կարդան: Հայաստանում չկա ծայրամասային հատված: Սպարապետն էլ ասել է այդ մասին: Սահմանամերձ տարածք չկա Հայաստանում: Հայաստանն ամբողջությամբ սահման է:
– Մարդկանց մտածողության մեջ ի՞նչն է փոխվել այսօր:
– Ուզում են լավ ապրել: Բոլորի ցանկությունը դա էլինել անհոգ: Պուպուշ ապրել են ուզում, հոգնել են, մեղադրելու էլ չի, ինչ-որ տեղ: Շատերը, որ գնում են երկրից, ինչո՞ւ են գնում: 2018 թվականին հրապարակներում էին, էսօր գնում են, ինչո՞ւ: Մի մասը զղջում է, մի մասը հիասթափված է: Բոլորն ուզում են լավ ապրել, բայց այլ երկրում:
– Երգիչներից էլ շատերն են արտագաղթել: Դուք չե՞ք ցանկանում հեռանալ Հայաստանից:
– Չկա նման ցանկություն ու չի լինելու: Իմ երկրում եմ, իմ հողի վրա, թեպետ շատ երկրներ կան, որ կարող եմ գնալ, բայց չեմ ուզում: Հայաստանում եմ ինձ լավ զգում ու հույսեր ունեմ այստեղի հետ կապված:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում