ԱԳՆ-ն 3 տարի առաջ մերժել էր Նեմեսիսի արձանի տեղադրումը
ԱԳՆ-ն 3 տարի առաջ մերժել էր Նեմեսիսի արձանի տեղադրումը
Hraparak.am-ը գրում է․ Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումը կայացվել է Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, խոսքը` Երեւանի քաղաքապետարանի մասին է։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Սիմոնյանը նաեւ ցավ է հայտնել, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։
«Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։
Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ եք ականատես», – ընդգծել է Սիմոնյանը։
Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին հարցազրույցի ժամանակ հաճոյանալով Թուրքիային նշել է, որ Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ:
Ի վերջո ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղադրվել այդ արձանը, ինչպե՞ս է պատահել, որ երկրի առաջին դեմքերը դրան դեմ են եղել, սակայն Երեւանի քաղաքապետարանը կամ ավագանին նման որոշում են կայացրել:
«Հրապարակը» զրուցել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի հետ: Վարդանյանի պնդմամբ նախաձեռնությունը բավականին հին է, այն կյանքի է կոչվել Նեմեսիսի վրիժառուների ընտանիքի անդամների ու ժառանգների կողմից.
«Մի մեծ թիմ է նրանց միացել: Քաղաքապետարանում Նեմեսիսի արձանի համար առաջին պայքարողներից մեկը ես եմ եղել: ԱԳՆ-ն ի սկզբանե մերժել էր գաղափարը` մոտ երեք տարի առաջ:
Այժմ հաստատվեց նախաձեռնությունը, որովհետև ԱԳՆ-ն տվեց իր համաձայնությունը: Շատ երկար և հին նախաձեռնություն է սա և, այո, գործող իշխանությունները որևէ առնչություն չունեն այս նախագծի հետ:
Հանդիպել եմ Արմեն Գևորգյանին, ում պապիկը Նեմեսիսի վրիժառուներից է: Բազմիցս խոսել եմ նրա հետ, ունեցել քննարկումներ արձանի տեղադրման մասին: Քաղաքապետարանում նախագծի համար պայքարում էին Կամո Արեյանն ու Դավիթ Գևորգյանը», – նշում է Թեհմինա Վարդանյանը:
Նրա խոսքով` ողջունելի է, որ Նեմեսիսի արձանի տեղադրումն ի վերջո կյանքի է կոչվել և Հայաստանը ցույց է տվել որոշակի վճռականություն. «Ինձ համար էլ զարմանալի էր, որ թե գործող և թե քաղաքային իշխանությունները որոշակի կամք ունեցան արձանը տեղադրելու համար» – ասաց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում