Մամուլ

Ովքեր են հավակնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնին

Ովքեր են հավակնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնին

Hraparak.am-ը գրում է․ Այսօր առավոտյան անսպասելիորեն տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարական է տվել։ Թեեւ վերջին ամիսներին համառ լուրեր էին պտտվում, որ նա շուտով հեռանալու է, սակայն ամեն դեպքում՝ տարեվերջից մի քանի շաբաթ առաջ ոչ ոք չէր սպասում։

Թերեւս չի կարելի ասել, որ Դումանյանը՝ որպես նախարար, հաջողված նախարարներից էր․ նա պարբերաբար հայտնվում էր ամղկոտ պատմությունների մեջ, սկանդալային հայտարարություններ անում։ Իսկ Հրապարակի շենքերի անցքերի թեմայով ասածը ոչ մի շրջանակներում չէր տեղավորվում։

Սակայն ավելի էական էր, որ իր եթակայության տակ գտնվող չորս ոլորտները իրականում կառավարում էին փոխնախարարները՝ կրթությունը Ժաննա Անդրեասյանը, մշակույթը՝ Արա Խզմալյանը, սպորտը՝ Կարեն Գիլոյանը։

Եւ դա ոչ միայն համակարգի ներսում գիտեին, այլեւ դրսից էր երեւում։ Այս իրողությունը նաեւ վկայում էր այն մասին, որ այս գիգանտ նախարարությունն ձեւավորելն ի սկզբանե սխալ էր։

2018-ին մի անկառավարելի կոնգլոմերատ են ստեղծել, որը մեկ մարդու կողմից կառավարման ենթակա չէ եւ, ըստ էության, դրա կազմում գտնվող ոլորտները շարունակում են առանձին գոյություն ունենալ՝ իրենց ղեկավար փոխնախարարների, որոնք իրականում՝ նախարար են աշխատում, ենթակայության ներքո։

Ինչ վերաբերում է Դումանյանի իրավահաջորդին։ 

Բնական է, որ առաջին թեկնածուն Ժաննա Անդրեասյանն է, ով հայտնի է իր աշխատասիրությամբ եւ կրթական համակարգին լիարժեք տիրապետում է։ Այս թեկնածուի նշանակման բացասական կողմն այն է, որ նա սորոսական հայացքների կրող է եւ կրթության համակարգն ամբողջությամբ վերաձեւում է Սորոսի կրթական հայեցակարգին համապատասխան։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնի երկրորդ թեկնածուն Մխիթար Հայրապետյանն է՝ սփյուռքի նախկին նախարարը, ով վերջին տարիներին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Այս թեկնածությունից ԿԳՄՍ-ում սարսափած են՝ սփյուռքի նախարարությունում աշխատելիս Հայրապետյանը լավ համբավ չի թողել եւ այս բազմաչարչար համակարգը դեմ է նրա նշանակմանը։

Կիսվել